03/08/2016 19:27
Արման Նավասարդյանը, Արման Գևորգյանը, Սարգիս Գրիգորյանը, Մխիթար Ավետիսյանը, Արթուր Հակոբյանը և այլք՝ Կորյուն Մայիլի «3+2 կգ» կինոկատակերգությունում. Լուսանկարներ
Ռեժիսոր Կորյուն Մայիլը կամ, ինչպես շատերն են նրան ճանաչում քեռի Մուլտիկնիկը, շուտով հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր՝ թվով երկրորդ գեղարվեստական ֆիլմը: Մինչ այս ռեժիսորի ձեռագրին ծանոթացել ենք «Նախաճաշ երկուսի համար» կինոկատակերգությունից:
«Այո, սա իմ երկրորդ լիամետրաժ ֆիլմն է, հանդես եմ գալիս և՛ որպես սցենարիստ, և՛ որպես բեմադրող ռեժիսոր: Առաջինը նկարահանել էի իմ ամենասիրելի ժանրում՝ տրագիկոմեդիայում: Այս մեկը քրեական կատակերգություն է՝ սյուժետային առավել մեծ բախումներով: Ֆիլմն այսօրվա իրականության մասին է: Առանցքում երեք ընկեր են: Ֆիլմում վառ գույներով արտահայտվում է անդավաճան ընկերությունը, որն առկա է նույնիսկ ամենադժվարին փորձությունների ժամանակ»,- Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Կորյուն Մայիլը:
Դիտարկմանը, որ այսօր նկարահանվող գրեթե բոլոր ֆիլմերը կատակերգական ժանրում են, զուտ կոմերցիոն նկատառմա՞ն, թե՞ նկարահանման հեշտ պրոցեսի պատճառով է ռեժիսորներին գրավում կոմեդիայի ժանրը, մեր զրուցակիցը հակադարձեց.
«Ինչո՞ւ միայն կատակերգական, տարբեր ժանրի ֆիլմեր են նկարահանվում: Ըստ իս, մեր ազգին ժպիտ ու ծիծաղ է պակասում, ու որքան շատ որակյալ կինոկատակերգություններ լինեն, այնքան լավ կլինի: Հավատացեք՝ լուրջ կինոկատակերգություն նկարելն ավելի բարդ է: Ինքս ինձ հեռու եմ պահում «ՈՒՀԱ» ժանրի կատակերգություններից, շատ լուրջ եմ մոտեցել նաև այս ֆիլմին»:
Թե ինչո՞ւ նկարիչ, քեռի Մուլտիկնիկ Կորյուն Մայիլը որոշեց մուտք գործել մեծերի ստեղծագործական աշխարհ, ու արդյոք փոքրիկները դրանից չեն տուժի հարցին, ռեժիսորը պատասխանեց.
«Քեռի Մուլտիկնիկն ու Կորյուն Մայիլը տարբեր մարդիկ են: Առաջինի հետ, նրա մասին ես խոսում եմ երկրորդ դեմքով: Քեռի Մուլտիկնիկը 14 տարի փոքրիկներին էկրաններից գեղագիտական ճաշակ է սովորեցնում, իսկ ռեժիսոր Կորյուն Մայիլը այդ նույն փոքրիկներից շատերին, ովքեր 14 տարի անց վերածվել են երիտասարդների ու գունավոր հեքիաթային աշխարհից իրականություն են տեղափոխվել, ֆիլմերի միջոցով այլ մեսիջներ է փոխանցում»:
Ֆիլմի վերնագիրն է «3+2 կգ»: Հիմնական մեսիջն է՝ հեռու պահել երիտասարդներին թմրամիջոցներից: Դերասանական կազմում ընդգրկված են սիրված ու ճանաչված դերասաններ Արման Նավասարդյանը, Արման Գևորգյանը, Սարգիս Գրիգորյանը, Աննա Մարտիրոսյանը, Արթուր Պապիկյանը, Արա Սարգսյանը, Արթուր Հակոբյանը, Մխիթար Ավետիսյանը, Լիլիթ Գալստյանը և այլք: Հարցին, թե ո՞ւմ հետ էր առավել բարդ աշխատելը և ո՞վ եղավ ռեժիսորի բացահայտումը, ժպիտով ընդգծեց.
«Կինոհրապարակում ես կարողանում եմ բոլոր բարդությունները հաղթահարել, քանի որ իմ գործը լավ գիտեմ: Եվ հետո, բարդություններն ու տարաձայնություններն էլ հետաքրքիր ու հաճելի են, հատկապես, երբ վերհիշում ես նկարահանումներից հետո»:
« 3+2 կգ» վերնագիրն, ինչ խոսք, հանդիսատեսին կարող է շփոթության մեջ գցել՝ հիշեցնելով հին ու բարի «3+2» կինոկատակերգությունը:
«Փակագծերը շատ չեմ բացի, որպեսզի հանդիսատեսի համար հետաքրքիր լինի… Ընդհանրություններ պետք չէ փնտրել, վստահեցնում եմ՝ ֆիլմը դիտելուց հետո բոլոր պատասխանները կստանաք»,- ասաց նա:
«3+2 կգ»-ը նախատեսված է 16 տարեկանից բարձրների համար, սակայն այնպես չէ, որ բոլորովին արգելվում է երեխաներին: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում: «Ծնողները կարող են վստահ լինել, որ եթե երեխաները նայեն էլ, ոչ մի գռեհիկ ու անպատշաճ կադր չեն տեսնի: Ես փորձում եմ նման կադրեր իմ ֆիլմերում չօգտագործել»,-տեղեկացրեց ռեժիսորը:
Ֆիլմ նկարահանելու կարևոր նախապայմաններից է նաև բյուջեն: Արդյոք հետագայում այս ֆիլմերն արադարացնում են ծախսերը և որքա՞ն գումար է ծախսվել կոնկրետ այս ֆիլմի վրա, հումորով նշեց.
«Շա՜տ մեծ գումար է ծախսվել, որի վերադարձին սպասում ենք ինչպես անառակ որդու վերադարձին»:
Սցենարը գրվել է փետրվար ամսին, նկարահանումների մեկնարկը տրվել է հունիսին, պրեմիերան նախատեսվում է սեպտեմբերի 15-ին: