04/08/2016 12:46
Տարածքների զիջման մասին խոսելը պարտվողականություն է. Շավարշ Քոչարյան
Ղարաբաղյան կարգավորման հարցում չի կարող զիջում լինել, զիջման մասին խոսելը բացառվում է, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Նախագահ Սերժ Սարգսյանը շատ հստակ ասել է` բացառվում են միակողմանի զիջումները, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի լինելու», - նշեց Շավարշ Քոչարյանը:
«Անընդհատ խոսվում է այն մասին, թե հայկական կողմը պետք է տարածքներ զիջի, մի՞թե եղել է նման խոսակցություն: Այ եթե Ադրբեջանը հայտատարի, որ պատրաստ է վերադարձնել այն տարածքները, որը օկուպացրել է, որ ընդունել է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, այդ ժամանակ այդ հարցերը տեղին կլինեն: Քանի դեռ այդ բոլորը չկան, ես կարծում եմ, խոսել այդ ուղղությամբ, ընդամենը պարտվողականություն է», - ասաց Շավարշ Քոչարյանը:
Օգոստոսի 10-ին Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո հնարավո՞ր է ղարաբաղյան հարցում նոր բեկում լինի հարցին, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ այս հարցում ամեն ինչ շատ հստակ է. «Կա երկու հարթություն. մի հարթությունում այն է, ինչ արձանագրվեց Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում: Այսինքն պետք է լինի վստահության որոշակի մթնոլորտ, իսկ դա, առաջին հերթին, նշանակում է՝ շփման գծում չպետք է լինեն սադրանքներ, կրակոցներ»:
Նրա խոսքով` երկրորդ հարթությունը բուն բանակցային գործընթացն է, որը կարող է առաջ մղվել այն դեպքում, երբ նշյալ բոլոր հարցերը լուծում ստանան:
«Բանակցությունները գնում են, բայց Ադրբեջանը, բոլորին է հայտնի, բանակցային սեղանի շուրջ խոսացածը հետագայում բոլորովին այլ բաներ է ներկայացնում: Համենայնդեպս, արդեն քայլեր են կատարվում այդ բանակցությունները վիժեցնելու ուղղությամբ», - ասաց փոխարտգործնախարարը:
Հարցին, թե «Սասնա ծռերի» գործողությունները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ղարաբաղյան գործընթացում, Շավարշ Քոչարյանը նշեց, որ դժվարանում է այդ հարցին հստակ պատասխան տալ: