05/08/2016 09:44
Ազատության հրապարակից բերման ենթարկված 25 քաղաքացիները ազատ են արձակվել. ՀԺ
Ազատության հրապարակը երեկ այնքան էլ բազմամարդ չէր։ Ժամը 19։00-ին նշանակված հանրահավաքը կրկին նախատեսվածից բավական ուշ սկսվեց. գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը նշել է, որ երեկ հանրահավաքն ավարտվելուց հետո կարմիր բերետավորները սկսել են մարդկանց բերման ենթարկել ոստիկանության բաժիններ։ Բերման ենթարկվածների մեջ եղել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երեք անդամներ։
Ոստիկանության լրատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, պատասխանելով թերթի թղթակցի հարցին, թե ինչու են մարդկանց բերման ենթարկել, ասել է, որ կճշտի, կհայտնի։
Ավելի ուշ ոստիկանության լրատվության բաժնից թերթին հայտնել են, որ բաժին է տարվել 25 անձ, նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 181 հոդվածով արձանագրություն, և նրանք ազատ են արձակվել։