06/08/2016 09:15
Վահրամ Բաղդասարյան. «Սասնա ծռերի» հետ բանակցություններում որևէ պայմանավորվածություն խախտված չէ. «Առավոտ»
«Որևէ պայմանավորվածություն խախտված չէ: Համբերեք, կտրվեն բոլոր պարզաբանումները: Կան տարբեր ձայնագրություններ», - «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` պատասխանելով հարցին` փաստորեն, գեներալ Վիտալի Բալասանյանին էլ են իշխանությունները խաբել` չպահելով պայմանավորվածությունները:
Թերթը հիշեցրել է, որ երեկ, ընդհատակում գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» համակարգողներից Գարեգին Չուգասզյանը ձայնագրություն էր հրապարակել` Վիտալի Բալասանյանի և «Սասնա ծռերի» տղաներից Արայիկ Խանդոյանի ու Վարուժան Ավետիսյանի զրույցից: Հեռախոսազրույցի ձայնագրությունից այնպիսի տպավորություն է, որ այլ պայմանավորվածություններ են եղել նախագահի և «Սասնա ծռերի» միջև, որոնք չեն պահվել: Արդյունքում, ստացվում է, որ միջնորդի դեր ստանձնած Վիտալի Բալասանյանը ևս խաբվել է:
Վահրամ Բաղդասարյանը չի ցանկացել այժմ մանրամասների մեջ մտնել. «Համբերեք: Բոլոր պարզաբանումները կտրվեն»:
Թերթին չի հաջողվում այդ ձայնագրության մասին զրուցել Վիտալի Բալասանյանի հետ: Նա չի պատասխանում հեռախոսազանգերին: