06/08/2016 14:36
Պուտինի կարգադրումով ԼՂ հարցով բանակցային սեղանի վրա նոր առաջարկ է դրվել. Մեթյու Բրայզա
Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերը վկայում են, որ Մոսկվան փորձում է ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումները փոխզիջումների միջոցով միմյանց մոտեցնել, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:
«Իմ կարծիքով, արտգործնախարար Լավրովը նախագահ Պուտինի կարգադրումով սեղանի վրա նոր առաջարկ է դրել՝ փորձելով վերամշակել այն շրջանակային համաձայնագիրը, որը մշակվել էր դեռ մեր օգնությամբ 2007-ին Մադրիդում», - ասել է նա:
Նախկին դիվանագետի կարծիքով, մադրիդյան սկզբունքները հիմնականում փոփոխությունների չեն ենթարկվել անցած տարիների ընթացքում:
«Շրջանակային փաստաթղթում արմատական փոփոխություններ չեն եղել, որովհետեւ դա խնդիրը լուծելու միակ տրամաբանական ուղին էր», - ասել է ամերիկացի դիավանգետը:
Բրայզայի խոսքով, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները սկզբունքային համաձայնության էին եկել շրջանակային փաստաթղթի շուրջ, և ակնկալվում էր, որ ձեռք է բերվելու վերջնական համաձայնություն, որին հետևելու էին վերջնական պայմանագրի մշակմանն ուղղված երկարատև բանակցությունները:
«Սակայն, գործընթացն առաջ չընթացավ, որովհետև ո՛չ նախագահ Ալիևը, ո՛չ նախագահ Սարգսյանը միմյանց նկատմամբ չունեին բավարար վստահություն՝ քաղաքացիներին բարդ որոշումների մասին տեղեկացնելու համար», - ասել է Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: