09/08/2016 15:54
Եթե տարածքի հարցը լուծվի, ավելի մեծ ռեսուրսով կսկսենք աշխատել. Ժիրայր Դադասյան
Երևանի մնջախաղի թատրոնը ստեղծվել է 1974 թվականին, 1983 թվականից ստացել է պետական թատրոնի կարգավիճակ, սակայն մինչ օրս թատրոնը չունի սեփական տարածք:
Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ եթե նորություն լինի, թատրոնի գեղարվեստական ղեկավարն այդ մասին տեղյակ կպահի:
«Բոլորս նկատում ենք, որ արվեստի այս ուղղությունն այսօր ուշադրության կենտրոնում է: Մնջախաղի փառատոնը ամենամյա դարձնելը, ֆինանսավորումը մեծացնելը արդեն ցուցանիշ է, խոսում է այն մասին, որ ուղղությունն անտեսված չէ:
Պիտի հասկանանք, որ ցանկալին միշտ չէ, որ այս պահին իրական է դառնում: Պատկերացնենք, որ հնարավորության պարագայում բոլոր խնդիրներն էլ ժամանակի ընթացքում լուծվում են: Այս պահին բոլորս սևեռվել ենք շենքի խնդրի վրա, բայց աշխարհում կան բազմաթիվ թատրոններ, որոնք առանց շենքի գործում են: Սա չեմ ասում նրա համար, որ շենք չունենալու հանգամանքն արդարացվի»,- պարզաբանեց փոխնախարարը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, ով 1998 թվականից մինչ օրս ղեկավարում է թատրոնը, նշեց, որ նախարարությունը մշտապես աջակցում է իրենց թե այստեղ փառատոն կազմակերպելու, թե միջազգային փառատոների մասնակցելու հարցում, բայց տարածքի խնդիրն արդեն նկատելի է:
«Այնքան մեծ է թատրոնի ծավալած գործունեությունը, որ արդեն նկատելի է տարածք ունենալու հանգամանքը: Ինչպես փառատոնը նկատվեց և հնարավորություն ստեղծվեց, որպեսզի ընդլայնվի, վստահ եմ, որ նույն ձևով կնկատվի այն աշխատանքը, որ ծավալում է մնջախաղի թատրոնը, և ուղղակիորեն կդառնա խնդիր օր առաջ մեր տարածքի հարցը լուծելը: Եթե դա լուծվի, ավելի մեծ ռեսուրսով կսկսենք աշխատանքներ ծավալել»,- ընդգծեց նա: