09/08/2016 16:35
Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնն ամենամյա է դարձել
«Առաջարկ ստացանք Արցախի մշակույթի նախարարից, որպեսզի Ստեփանակերտում ևս բացվի մնջախաղի ներառական թատրոն-ստուդիա: Հանդիպումներ են եղել այդ հարցի հետ կապված: Խումբը կստեղծվի և սեպտեմբերից կսկսի գործել, մեր մասնագետներն էլ կդասավանդեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնի պրոդյուսեր, Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
«Հույս ունեմ, որ ստուդիան արագ ոտքի կկանգնի և կպատրաստի ներկայացումներ հաջորդ տարի փառատոնում Արցախը ներկայացնելու համար»,- ասաց Ժ. Դադասյանը:
Մնջախաղի հետ կապված հարցերը կքննարկվեն նաև մասնագիտական շրջանակների կողմից: Փառատոնի շրջանակներում կկազմակերպվի կոնֆերանս:
Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնի առիթով մեր երկիր է հյուրընկալվելու Մնջախաղի միջազգային ասոցիացիայի նախագահ Մարկո Ստոյանովիչը, ով հայ և օտարերկրյա մնջախաղացների հետ միասին կանցկացնի բացօթյա վարպետության դասեր:
«Հուզված եմ: Շատ եմ ճամփորդել, աշխարհի շատ երկրներում եմ եղել, որտեղ ինձ շատ մեծ էի զգում: Երբ եկա այստեղ, ինձ շատ փոքր զգացի: Պատճառն այն է, որ շատ բան ունեմ սովորելու ձեր մշակույթից և այստեղի մարդկանցից: Հրաշալի ազգ եք: Աշխարհը կարիք ունի ձեր մասին ավելի շատ բան իմանալու»,- ասաց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած մնջախաղաց Ջոն Ջեյքոբսը, ով Հարավաֆրիկյան Հանրապետությունից է:
Այս տարի փառատոնը կանցկացվի օգոստոսի 10-15-ը, ներկայացումներ դիտելու հնարավորություն կունենան նաև դիլիջանցիները: Նախատեսվում է հաջորդ տարի ընդգրկել նաև Սևան և Հրազդան քաղաքները:
Թե ինչ բեմադրություններ կարելի է տեսնել փառատոնային օրերին, թատերասերները կարող են իմանալ հենց բացման արարողության ժամանակ: Ավանդույթի համաձայն՝ բոլոր մասնակիցները կներկայացնեն մի հատված իրենց ներկայացումից:
Մնջախաղի և պարային ներկայացումներով, կրկեսային, ակրոբատիկ, աճպարարական համարներով հանդես կգան անհատ մնջախաղացներ և թատերախմբեր Ֆրանսիայից, Սերբիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Հայաստանից փառատոնում ներկայացված են Մնջախաղի պետական թատրոնը, ինչպես նաև ուսանողներ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից:
Փառատոնն անց է կացվում 2008 թվականից Ծաղկաձորում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ այս տարվանից փառատոնն ամենամյա է դարձել: Փառատոնը ներառական է: Մասնակցում է Երևանի մնջախաղի պետական թատրոնին կից խուլերի «Մենք» թատրոն-ստուդիան՝ «Հոսանքին հակառակ» ներկայացմամբ: