10/08/2016 14:40
Արա Պապյան. Տարածքների հանձնումը մեզ համար փոխզիջում չէ, այլ՝ վերջնական կապիտուլյացիա
Եթե փոխզիջում ասելով հասկանում ենք մեր կողմից տարածքների հանձնում, նրանց կողմից միջանկյալ կարգավիճակի համաձայնում, որը Կազանի փաստաթղթով է նախատեսված, մեզ համար դա փոխզիջում չէ, այլ՝ վերջնական կապիտուլյացիա, կործանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, Մոդուս Վիվենդի կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
Aysor.am-ի հարցին, թե ո՞րը կլինի համարժեք փոխզիջում, Արա Պապյանը պատասխանեց. «Հարցը տանում ենք իրավական դաշտ: Դաշտային Ղարաբաղն ու Նախիջևանը Հայաստանի Հանրապետության մաս են: Իրենք մեզ վերադարձնում են Նախիջևանը, մենք իրենց թողնում ենք Դաշտային Ղարաբաղը՝ 12.000 կմ2»:
Քաղաքագետի խոսքով՝ 90-ականներից մինչ օրս առկա է ինչ-որ բանի՝ կարգավիճակի, խաղաղության, ավելի կայուն իրավիճակի դիմաց տարածքներ զիջելու մտայնությունը:
«Պիտի ասեմ, որ այն բոլոր հայտարարությունները, թե մենք պատրաստ ենք տարածքներ տալու, եղել են գավառական խորամանկություն, իբր մենք կասենք մի բան, կանենք ուրիշ բան՝ առանց հասկանալու, որ միջպետական հարաբերություններում և դիվանագիտության մեջ ամեն ասված խոսք, ամեն հայտարարություն ունի իր հետևանքները»,- ընդգծեց նա: