10/08/2016 13:06
Հայաստանը ԼՂ հարցում խստացրել է իր դիրքորոշումը, ինչի մասին կբարձրաձայնվի Մոսկվայում. Քաղաքագետ
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում խստացրել է իր դիրքորոշումը, ինչի մասին կբարձրաձայնվի Մոսկվայում նախատեսված Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ընթացքում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«ԼՂ հարցում հայակական կողմը խստացնում է իր դիրքորոշումը և դա արվում է Ալիևի մաքսիմալիստական պահանջների ֆոնի ներքո»,-ասաց նա:
Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ շատ է խոսվում փոխզիջումների մասին.
«Այն փոխզիջումներին, որոնց նախկինում հայկական կողմը պատրաստ է եղել, վերանայվել են և այլևս նախկին պատրաստակամությամբ պաշտոնական Երևանը հանդես չի գալիս: Կարծում եմ, որ դա այլևս ընտրված քաղաքականություն է և այն կհնչեցվի Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ»:
Այդուհանդերձ, քաղաքագետի խոսքով, այդ հանդիպումից բեկումնային փոփոխություններ ակնկալել պետք չէ:
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այնպիսին չեն, որ բեկումնային կամ ինչ-որ բանով առանձնացող փոփոխություններ լինեն»,-ասաց քաղաքագետը:
«Երկու երկրների հարաբերություններում ամեն ինչ շատ տրամաբանական հստակեցված է և մշակված ծրագրեր են իրականացվել: Նման աշխատանքային հանդիպումները նպատակ ունեն այդ ծրագրերին նոր զարկ տալու և որոշ խնդիրների լուծման ուղիներ փնտրելու համար»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: