10/08/2016 20:49
Պուտին. Սպառազինման ծրագրի շրջանակներում Ռուսաստանը կատարում է իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ
Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է ու գոյություն ունի սպառազինման ծրագիր, որի շրջանակներում Ռուսաստանը կատարում է իր պարտավորություններն, իսկ ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր երկիր կարող է ձեռք բերել յուրաքանչյուր սպառազինություն, այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Սպառազինության վերաբերյալ՝ գոյություն ունի ծրագիր, որի շրջանակներում էլ աշխատում ենք Հայաստանի հետ: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանը մեր դաշնակիցն է: Մենք ունենք փոխադարձ որոշակի պարտավորություններ և Ռուսաստանը միշտ կատարում է դրանք»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Անդրադառնալով Ադրբեջանին զենքի վաճառքին՝ ՌԴ նախգահը նշել է, որ ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր երկիր կարող է ձեռք բերել յուրաքանչյուր սպառազինություն.
«Օրինակ՝ Ադրբեջանի նման նավթարդյունահանող երկիրը, որն ունի մոտ 10 մլն բնակչություն ու աճող տնտեսություն, իհարկե, ի վիճակի է սպառազինություն ձեռք բերել որտեղ ասես»,- ավելացրել է նա:
Միևնույն ժամանակ, Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ նա չէր ցանկանա շեշտը դնել ռազմական ոլորտի վրա.
«Եթե մենք ցանկանում ենք լուծել խնդիրը, լուծումը պետք է լինի խաղաղ ճանապարհներով»,- ասաց նա: