10/08/2016 15:46
Պարտադրված չեմ զգում որևէ մշակույթ ներկայացնել. Վահրամ Զարյան
Այսօր Ծաղկաձորում կմեկնարկի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը: Aysor.am-ի զրուցակիցն է ֆրանսիաբնակ, ծագումով հայ մնջախաղաց, պարող, ռեժիսոր և խորեոգրաֆ Վահրամ Զարյանը:
Mater Replik. Երկրաշարժն ու աքսորը գրեթե նույնն են
Փառատոնի շրջանակներում ներկայացնելու եմ իմ վերջին երկու՝ Mater Replik և «Գլխիվայր» ներկայացումները: Mater կարող է նշանակել իմ հողը, և Replik, որն ասոցացվում է թատերական ռեպլիկայի հետ, ինչպես նաև երկրաշարժի հոսանքն է:
Վերնագիրը պատահական չի ընտրվել: Ներկայացման մեջ խոսվում է իմ ծննդավայրի մասին, իմ մասին: Ծնվել եմ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում: Mater Replik –ը պատմում է երկրաշարժի մասին: Հողի շարժումը ասոցացվում է աքսորի հետ, այսինքն՝ երկրաշարժն ու աքսորը գրեթե նույնն են. երկրաշարժի դեպքում հողն է շարժվում, աքսորի դեպքում այս հողից գնում ես դեպի մյուսը:
«Գլխիվայրը» Նոյել Շատլեի «La tete en bas» («Գլխիվայր») նովելի հիման վրա է ստեղծվել: Պատմություն է հոգեբանական աքսորի մասին, երբ չենք փոխում տարածքը, բայց ներքին աքսոր ենք ապրում: Հնարավոր է ապրել նույն քաղաքում, նույն թաղամասում, բայց լինել աքսորված հասարակությունից: Mater Replik և «Գլխիվայր» ներկայացումները դիտել են Եվրոպայում և ԱՄՆ-ում:
Մնջախաղը կյանքի վերարտադրումը չէ բեմում
Ամեն ինչ ֆիլտրվում է ժամանակակից արվեստագետի, հատկապես մնջախաղացի միջով: Չեմ կարող ասել, որ ներկայացումն ամբողջովին իմ մասին է, բայց հոգեբանորեն շատ մոտ է ինձ. Կա՛մ իմ մասին է, կա՛մ նրանց մասին, ում ես ճանաչում եմ, տեսել եմ և հետևում եմ:
Կարևոր է ունենալ վերաբերմունք այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է քո շրջապատում, ինչ դու ես անում բեմում: Մնջախաղը կյանքի վերարտադրումը չէ բեմում, այլ՝ կատարվողի մասին քո հայացքը՝ որպես արվեստագետ:
Ողջունելի է ունենալ միջազգային փառատոն Եվրոպայից՝ մնջախաղի օրրանից հեռու
Կարծում եմ՝ ողջունելի է ունենալ միջազգային փառատոն մի երկրում, որը հեռու է Եվրոպայից՝ մնջախաղի օրրանից:
Երևանի մնջախաղի պետական թատրոնի հետ մշտական կապի մեջ եմ, նայել եմ որոշ ներկայացումների տեսագրված տարբերակներ, օրինակ՝ Ժիրայր Դադասյանի վերջին ներկայացումները:
Ընտրվում են թեմաներ, որոնք գալիս են մեր միջնադարից: Դրամատուրգիան, որն ինչ-որ չափով առաջնորդում է մարմինն ու ժեստը, առնչվում է մեր պատմությանը: Կարծում եմ՝ հայկական մշակույթի մեջ եղել են տարրեր, որոնք ուղիղ կապ են ունեցել շարժման արվեստի հետ, ինչը կարող ենք ենթադրել իբրև մնջախաղ:
Երբ մտածում ենք, ստեղծագործում, ազատվում ենք բոլոր ժանրերից
«Վահրամ Զարյան» թատերախումբը գործում է արդեն 7 տարի: Զբաղված եմ հետազոտական աշխատանքով և ներկայացումներով, նաև դասավանդում եմ: Առանձնանալով դասական մջնախաղից՝ փորձում ենք վերադառնալ մարմնի արվեստին: Ամեն տարի որևէ ներկայացման համար ստանում ենք ֆինանսավորում Ֆրանսիայի մշակույթի նախարարությունից: Կա ուշադրություն մեր խմբի և ստեղծագործության հանդեպ: Չեմ կարող ասել, որ մեր ներկայացրածը միայն մնջախաղ է, այլ՝ ավելի շատ փերֆորմանս:
Ապրելով այս ժամանակաշրջանում, լինելով ժամանակակից մնջախաղաց՝ չեմ կարծում, որ կարելի է առանձնացնել ժանրեր: Ժանր գոյություն չունի: Ժանր գոյություն ունի այն ժամանակ, երբ սովորում ենք, կրթում մեր մարմինը, աշխատում փորձասենյակում, իսկ երբ մտածում ենք, ստեղծագործում, ազատվում ենք բոլոր ժանրերից:
Մնջախաղը այնքան հարուստ արվեստ է, որ հնարավորություն է տալիս ընդհանրապես չմտածել ժանրի մասին, ուղղակի փորձել ներկայացում բեմադրել: Հանդիսատեսը չի գալիս տեսնելու մեկին, ով զբաղված է իր մարմինը ցուցադրելով, այլ գալիս է պատմություն տեսնելու, էմոցիա ստանալու:
Մենք ծառայում ենք ստեղծագործությանը, ոչ թե այս կամ այն ժանրին: Մեր գործունեության մեջ կան տարրեր, որոնք առնչվում են պլաստիկ արվեստին, փերֆորմանսին, ընդհանրապես ժամանակակից արվեստին: Ժամանակակից արվեստը պետք է զբաղվի այդ ամենով, քանի որ այդ ամենի սինթեզն է:
Պարտադրված չեմ զգում որևէ մշակույթ ներկայացնել
Մշակույթը պետք է ապրել: Պարտադրված չեմ ուզում որևէ մշակույթ ներկայացնել: Ես կրում եմ մեր հայկական մշակույթը, նաև՝ այլ մշակույթներ: Երկար ժամանակ ապրել եմ Եվրոպայում և մնջախաղային կուլտուրան ինձ մոտ ավելի շատ ֆրանսիական է, քան՝ հայկական: Կրում եմ այդ մնջախաղային հիգիենան՝ թե ապրելու, թե ստեղծագործական, կրում եմ հայկական՝ իմ արմատներից, դաստիարակությունից եկող մշակույթը, և կարիք չունեմ հատուկ ցուցադրելու: