10/08/2016 21:39
ԼՂ խնդրի լուծումը ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն ու ապահովումն է. Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներով
ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը ԶԼՄ-ների առջև հանդես են եկել բանակցությունների արդյունքները ամփոփող հայտարարություններով:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ Նախագահի ելույթը.
Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին ջերմ հյուրընկալության համար:
Բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսությունը համապատասխանում է մեր երկրների միջև հարաբերությունների մակարդակին: Այդ հարաբերություններն ընդգրկում են մեր պետությունների կենսագործունեության բոլոր ոլորտները` սկսած ՀԱՊԿ ուղղությամբ դաշնակցային գործընկերությունից մինչև տնտեսական ինտեգրացում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում և սերտ համագործակցություն հումանիտար ոլորտում: Մեր տարածաշրջանների միջև կապերն ընդլայնվում են, և դրա մեջ մեծ դեր են խաղում պարբերական դարձած միջտարածաշրջանային հայ-ռուսական համաժողովները, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների և Հայաստանի Հանրապետության մարզերի միջև ուղիղ կապերը:
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերը աշխարհում և, մասնավորապես, մեր տարածաշրջանում, որտեղ զուգահեռ ընթանում են կայունության և անվտանգության վրա ազդող բազմաթիվ գործընթացներ: Հայաստանում ուշադիր հետևում էին վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի Նախագահի ինտենսիվ արտաքին քաղաքական շփումներին , ինչը լիովին հասկանալի է՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան Հայաստանի սահմանակից պետություններ են: Ես շնորհակալ եմ Ռուսաստանի Նախագահին այդ հանդիպումների ընթացքի մասին մանրամասն տեղեկատվության համար և համոզված եմ, որ Հայաստանը միայն շահում է մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերի ակտիվացումից:
Մենք այսօր քննարկել ենք նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության աճի էական հաջողությունները: Դա ուղիղ պատասխան է այն թերահավատներին, ովքեր կանխագուշակում էին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի տա Հայաստանին ոչ մի առավելություն: Բավական է նշել, որ չնայած բոլոր միջազգային դժվարություններին և խոչընդոտներին, մեր առևտրաշրջանառությունը զգալի աճել է, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանումը ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում աճել է գրեթե 90 տոկոսով՝ հասնելով իր պատմական առավելագույնին կիսամյակի ընթացքում: Համոզված եմ, որ մենք կկարողանանք պահպանել և զարգացնել այդ դինամիկան, քանի որ մեր երկրների միջև առկա առևտրատնտեսական ներուժը նույնիսկ այսօր ոչ լիարժեք է օգտագործվում:
Բնականաբար, մեր այսօրվա բանակցությունների գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցն էր, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Դա, նախևառաջ, 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելությունների ընդլայնումը:
Ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնել Ռուսաստանի Նախագահին այն ջանքերի համար, որոնք Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համագործակցությամբ գործադրում է և խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, և այդ գործընթացում Նախագահ Պուտինի մեծ անձնական ներդրման համար: Դեռևս երկու տարի առաջ Սոչիում մենք մանրամասն քննարկել ենք այս բարդ խնդրի լուծման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: Այդ սկզբունքներն անփոփոխ են: Նման հակամարտությունը անհնար է լուծել` հղում կատարելով հետևանքների, այլ ոչ թե պատճառների վերացմանը: Ղարաբաղյան խնդրի էությունը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար: Դա բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է: Խնդրի լուծումը այդ իրավունքի հարգումն ու ապահովումն է: Հենց դրա մասին էլ այսօր մենք մանրամասն զրուցել ենք Ռուսաստանի Դաշնության Նախագահի հետ:
Նման զգայուն թեմայի հետ կապված խաղաղ գործընթացը, բանակցությունները երբեք հեշտ չեն լինում: Բոլոր այն փորձերը, որոնց արդյունքում կարող են խախտվել ուժերի հավասարակշռությունը, առաջանալ հաղթողներ ու պարտվողներ, դատապարտված են ձախողման և նոր լարվածության: Պետք է բոլորը շահեն իրատեսական, հստակ և իրագործվող որոշումների արդյունքում, որոնց հիմքում փոխադարձ հարգանքն ու վստահությունն է, այլ ոչ թե ատելությունն ու այլատյացությունը:
Վլադիմիր Վլադիմիրի, խաղաղության և համերաշխության թեմաները հատկապես արդիական են օլիմպիական խաղերի օրերին: Մենք ևս մեկ անգամ հաջողություններ կմաղթենք Ռուսաստանի և Հայաստանի հավաքականներին և ցանկանում ենք միասին ուրախանալ մեր և ձեր մարզիկների նվաճած հաջողություններով: Մենք շատ հպարտանում ենք, որ հայկական ծագում ունեցող ռուսաստանցի մարզիկները հասել են շատ լավ արդյունքների: Մի քանի ամիս առաջ Երևանում բացվել է համաշխարհային գեղասահքի լեգենդ Իրինա Ռոդնինայի անվան դպրոց: Ես համոզված եմ, որ համատեղ սպորտային հաղթանակները և նվաճումները լիովին արտացոլում են մեր ժողովուրդների փոխադարձ զգացմունքները: Ինչպես ասվում է՝ առողջ մարմնում՝ առողջ հոգի: