16/08/2016 10:07
Բուժաշխատողները դատի են տվել Խոսրով Հարությունյանի եղբորը՝ պահանջելով իրենց աշխատավարձը
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնի աշխատակիցներն օրերս ահազանգել էին «Ժողովուրդին»՝ տեղեկացնելով, որ իրենց աշխատավարձերը տևական ժամանակ չեն ստացել:
Խնդրի առնչությամբ բժշկական կենտրոնի տնօրեն Հարությունյանը թերթի հետ զրույցում ասել էր. «Ինչ թաքցնեմ, կան խնդիրներ՝ կապված աշխատավարձերի ուշացման հետ: Բայց այդ խնդիրներն ունեն լուրջ, օբյեկտիվ պատճառներ»: Ու պարզվում է՝ այս խնդիրը լուծվելու փոխարեն ավելի է բարդացել, քանի որ բժշկական կենտրոնի աշխատակիցները, այլ ելք չունենալով, դիմել են դատարան:
«Ժողովուրդը» պարզել է, որ 2016 թվականին Գյուլնարա Հարությունյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Արամյանց բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից բռնագանձել իրեն հասանելիք աշխատավարձը:
Գյուլնարա Հարությունյանը միաժամանակ բժշկական կենտրոնի դրամական միջոցների վրա արգելանք դնելու միջնորդություն է ներկայացրել, սակայն այն մերժվել է: