17/08/2016 10:37
Հոգևորականներն ամեն շաբաթ մեղքերի թողություն են տալիս ոստիկանապետին
«Հայկական ժամանակի» տեղեկություններով, ՀՀ ոստիկանությունում երկու հոգևորականներ են աշխատում, որոնք շաբաթը մեկ-երկու անգամ լինում են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աշխատասենյակում և մեղքերի թողություն տալիս ոստիկանապետին։
Թերթի թղթակիցը հարցում էր ուղարկել ոստիկանություն՝ ճշտելու՝ ՀՀ ոստիկանության հաստիքացուցակում կա՞ն հոգևորականներ, եթե այո՝ ովքե՞ր են նրանք, և ո՞րն է վերջիններիս ֆունկցիան, արդյոք շաբաթը 1-2 անգամ հանդիպու՞մ են ոստիկանության պետի հետ։ Որքա՞ն է նրանց աշխատավարձը, ի՞նչ պարբերականությամբ են ՀՀ ոստիկանապետին մեղքերի թողություն տալիս։
Թերթը ստացել է այս պատասխանը.
«ՀՀ ոստիկանությունում հոգևորականների հաստիք սահմանված չէ: 2013թ. փետրվարից Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդ է նշանակվել Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը։ Բացի այդ, 2013թ. սեպտեմբերից նրա օգնական Տեր Վրթանես քահանա Բաղումյանը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում պայմանագրային հիմունքներով դասավանդում է Հայ եկեղեցու և կրոնի պատմություն։ Ինչ վերաբերում է հայցվող այլ տվյալներին, ապա դրանց տրամադրումը մերժվում է, քանի որ չեն հանդիսանում տեղեկություններ որոնք սահմանված են « Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով»։