18/08/2016 13:45
Երբ Բաքուն խոսի զիջումների մասին, այն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին. Շավարշ Քոչարյան
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն անընդունելի է համարում, որ հայակական կողմից անընդհատ խոսվում է փոխզիջումների մասին:
«Ես կարծում եմ, որ նմանատիպ հարցերի շուրջ խոսելը պարտվողականություն է, որովհետև առ այսօր ես Բաքվից չեմ լսել որևէ հայտարարություն զիջման մասին: Երբ Բաքուն խոսի զիջուների մասին, այն ժամանակ, արդեն, կարելի է խոսել դրա մասին»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շավարշ Քոչարյանը:
Փոխարտգործնախարարը շեշտեց՝ քանի դեռ այնտեղ չեն խոսում, նույնիսկ այդպիսի հարցեր բարձրացնելն առնվազն կոռեկտ չէ:
«Այլ բան է, որ բանակցային գործընթացների մասին խոսելիս հայկական կողմն ասում է՝ այո, փոխզիջումների պատրաստ են ընդհանուր, բայց քանի դեռ Ադրբեջանի կողմից դիրքերն ավելի են կոշտանում, ապա հայկական կողմերից փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է»,-նշեց նա:
Հարցին, թե հայկական կողմը որպես զիջում ի՞նչ է պահանջում Ադրբեջանից և ի՞նչ սպասելիքներ ունի, Շավարշ Քոչարյանը ընդգծեց, որ հայկական կողմի նպատակը շատ հստակ է՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և պետք է երաշխավորված լինի ԼՂ ժողովրդի և պետության անվտանգությունը:
«Այդ երկու հարցադրումը հստակ դրված է և դրա մասին բազմիցս ասվել է: Ինչ վերաբերում է դետալներին՝ ինչպես դրան հասնել, դա արդեն այլ խնդիր է, ինչը պայմանավորված է նաև այն կողմի դիրքորոշմամբ, իսկ բանակցային կողմի դիրքորոշումը շատ կոշտ է և այս պարագայում խոսել դետալների մասին, ուղղակի անիմաստ է»,- ասաց Շ. Քոչարյանը:
Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո ռուսական կողմում հրապարակումներ եղան եռակողմ՝ Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին, արդյոք նախատեսվում է նման հանդիպում, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ նման ձևաչափի հանդիպումներից հայկական կողմը երբեք չի խուսափել, «եթե այդ հանդիպումներում կարելի է հասնել որևէ արդյունքի»:
«Արդյունքը կարող է լինել թե՛ տեղաշարժը բանակցային գործընթացում, թե՛ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումները կյանքի կոչելը, այսինքն՝ կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումը, հավատարիմ մնալը 1994 թվականի զինադադարի մասին համաձայնագրին, Կասպշիկի խմբի առաքելությունների ավելացմանն ու սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրմանը»,– ասաց Շավարշ Քոչարյանը:
ՀՀ փոխարտգործնախարարը հավելեց, որ այդ պայմանավորվածություններում առաջընթաց կլինի այն դեպքում, երբ սկսեն գործել այդ մեխանիզմները: