20/08/2016 12:47
Ձեր կենսագրությունը ուսանելի օրինակ է թատրոն մուտք գործող նոր սերնդի համար. Նախագահը շնորհավորել է Ալեքսանդր Գրիգորյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթել նրան առողջություն, արևշատություն և ստեղծագործական նոր նվաճումներ:
«Դուք մեր թատերարվեստի այն երևելիներից եք, ով տասնամյակներ շարունակ կոփելով բեմադրիչի իր ազնիվ կեցվածքը, հանդիսատեսի առանձնակի սերն ու համակրանքն է վայելում: Ձեր ստեղծագործական ձեռագրի յուրօրինակ դրսևորումներն են Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում բեմադրած՝ ժամանակակից և դասական դրամատուրգների բազմաթիվ գործերը:
Ձեր հարուստ ու բովանդակալից կենսագրությունը վառ և ուսանելի օրինակ է թատրոն մուտք գործող նոր սերնդի ներկայացուցիչների համար:
Մեծ է Ձեր ավանդը նաև հայ-ռուսական մշակութային համագործակցության զարգացման և բարեկամության ամրապնդման գործում: Դուք սիրված և գնահատված եք նաև հայրենիքի սահմաններից դուրս»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: