22/08/2016 13:03
ԵԱՀԿ Մինսկի խումբը ճգնաժամ է ապրում. Լարիսա Ալավերդյան
Քանի դեռ Արցախն ընդգրկված չէ բանակցային գործընթացում, բանակցային գործընթաց լինել չի կարող, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՄԻՊ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Վերջինիս բնորոշմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն այժմ ճգնաժամ է ապրում, քանի որ կողմերը չեն կարողանում հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել, իսկ համանախագահներն էլ իրենց հերթին զգուշավոր են արվող հայտարարություններում:
«Նրանք անընդհատ ասում են՝ կփորձենք, ձգտում ենք, անում ենք… Այս բառերը ոչ այլ ինչ են, քան անգործություն: ԼՂ հիմնահարցի շուրջ վերջին հանդիպումները ցույց են տվել, որ ՀՀ-ն և Ադրբեջանը մի մազաչափ անգամ չեն փոխել իրենց մոտեցումները»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:
Բանախոսը չբացառեց նաև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, որի պատճառն ըստ նրա՝ դիվանագիտության մեջ հայկական կողմի հաջողության բացակայությունն է:
Լ. Ալավերդյանն ընդգծեց՝ ինքը վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև սպասվող հանդիպումը որևէ դրական արդյունք հակամարտության կարգավորմանը չի տա:
Անդրադառնալով՝ փոխզիջումների անհրաժեշտության մասին ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հայտարարությանը՝ Լ. Ալավերդյանը նշեց.
«Ինձ համար այդ հռետորությունն ընդունելի չէ, քանի որ այս իրավիճակում փոխզիջում կամ զիջում արտահայտությունները հասկանալի չեն: Երբևէ լսե՞լ եք Ադրբեջանի կողմից զիջումների կամ փոխզիջումների մասին: Ադրբեջանն ավելի քան պարզ ասում է՝ իմ տարածքներն են, Հայաստանի մի մասն էլ է իմ տարածքը»: