23/08/2016 13:39
Պետք չէ լուրջ մոտենալ փոխզիջումների մասին հայտարարություններին. Ալեքսանդր Իսկանդարյան
Չարժե մեկնաբանել բանակցային գործընթացի վերաբերյալ այն բառերը, որոնք հնչում են նախագահների հայտարարությունների ժամանակ: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ղարաբաղը պետք է բանակցային սեղանի շուրջ լինի, հետո նոր միայն պարզ կդառնա, թե ինչ ընթացք կստանա բանակցությունը: Ինչ վերաբերում է հնչած հայտարարություններին, ապա դրանք արվեցին միայն իրավիճակը հանգստացնելու համար: Ապրիլյան դեպքերից հետո դրանց մասին խոսելն ավելի բարդ է: Եղավ տարածքների մասին հայտարարություն, մինչդեռ Մադրիդյան սկզբունքներից ի վեր ոչ մի փաստաթուղթ սեղանին չի դրվել: Սրանք պարզապես հայտարարություններ էին և կմնան որպես հայտարարություններ, ուստի պետք չէ դրանց լուրջ մոտենալ»,- նշեց քաղաքագետը:
Վերջինս ընդգծեց, որ նախագահների հայտարարություններն անգամ չարժե մեկնաբանել, քանի որ դա պարզապես գործընթաց է, որը պետք է տեղի ունենա:
Անդրադառնալով առաջնագծում իրավիճակի սրմանը՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց.
«Հիմա իրավիճակը հանգիստ է: Ես փոխզիջումների մասին հայտարարությանը սկեպտիկ եմ մոտենում, բայց դա նպաստեց, որպեսզի լարված իրավիճակն առաջնագծում թուլանա, մինչդեռ չեմ կարծում, որ երկար ժամանակ առաջնագծում կարող է այս իրավիճակը մնալ»: