23/08/2016 14:26
Փոխզիջումների մասին չխոսելը նշանակում է դուրս մնալ բանակցային գործընթացից. Արամ Մանուկյան
«Ոչ մի թիզ հող» տրամաբանությամբ շարժվելը նշանակում է դուրս մնալ բանակցային գործընթացից, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով բանակցային գործընթացի զարգացման մասին, նման կարծիք հայտնեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Ինչպե՞ս կարելի է բանակցել, եթե փոխզիջումների մասին չես խոսում: Սթափ միտքը պետք է գիտակցի, որ բանակցություն նշանակում է փոխզիջում: Եթե Հայաստանում այսօր էյֆորիա է տարածված, որ մենք որևէ զիջում պետք է չանենք, կներեք, բայց ես դա չեմ հասկանում, ուրեմն Հայաստանը բանակցություններից դուրս է մնում»,- նշեց նա:
Արամ Մանուկյանը շեշտեց, որ այսօր Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև և շատ քիչ ներուժ ունի դիմակայելու այդ մարտահրավերերին:
«Երկիրը հզոր է այնքան, որքան բարեկամ ունի: Մենք այսօր կանգնած ենք մեզ համար բարեկամ կորցնելու ճանապարհին: Հնարավոր է մեզ ավելի վատ օրեր են սպասվում, ուստի բանակցային գործընթացում պետք է միայն սառը ուղեղով դատել»,- եզրափակեց Արամ Մանուկյանը: