23/08/2016 10:19
Պերմյակովը կդատապարտվի ցմահ ազատազրկման և պատիժը կկրի ՌԴ-ում
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կհրապարակվի 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանելու մեջ մեղադրվող, Ռուսաստանի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավճիռը։ Ինչպես և սպասվում է՝ նա կդատապարտվի ցմահ ազատազրկման։
«Ժողովուրդի» տեղեկություններով, սակայն, ռուս զինվորն իր պատիժը կրելու է ոչ թե Հայաստանում, այլ կուղարկվի ՌԴ՝ պատիժների կրման համար նախատեսված հաստատություն։
«ՀՀ և ՌԴ իշխանությունները, շատ լավ գիտակցելով, որ Պերմյակովին Ռուսաստան տեղափոխելը Հայաստանում կարող է դժգոհության նոր ալիք բարձրացնել, քննարկում են զինվորին ՀՀ քաղաքացի, 2013 թ, հուլիսի 13-ի ՌԴ-ում դժբախտ պատահարի համար կալանավորված ավտոբուսի վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ «փոխանակելու» տարբերակը։ Այսինքն՝ երբ Պերմյակովին Ռուսաստան տեղափոխեն, անմիջապես կհայտարարվի նաև, որ Հարությունյանն էլ հանձնվելու է ՀՀ իրավապահներին»,- մեկնաբանել է թերթը: