24/08/2016 09:34
Հերմինե Նաղդալյանը տարեկան մի քանի միլիոն դոլար վաստակող «բիզնես լեդի» է
«Ժողովուրդը» գրել է. «ՀՀ Աժ փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը Հայաստանի խորհրդարանի հնաբնակներից է։ Պատգամավորի աթոռին նա նստել է բոլորի օրոք՝ 1995 թվականից սկսած։
Եվ ամենակարևորն այն է, որ նա մշտապես եղել է իշխող խմբակցության շարքում։ Օրինակ՝ 1995-ին, երբ նա առաջին անգամ դարձավ պատգամավոր, լինելով անկուսակցական, իշխող Հանրապետություն խմբակցությունում է ընդգրկված եղել։ Հետագայում, երբ 1999-ի մայիսի 30-ի ԱԺ ընտրություններից առաջ երջանկահիշատակ սպարապետ Վազգեն Սարգսյանը գլխավորեց ՀՀԿ-ն, Նաղդալյանն արդեն դարձել էր ՀՀԿ անդամ և պատգամավորական մանդատ ստացել «Միասնություն» դաշինքի կազմում։ Հաջորդ խորհրդարանական ընտրություններում ևս նա մշտապես եղել է իշխող ՀՀԿ-ի առաջին շարքում։
ԱԺ փոխնախագահը հանրության շրջանում հայտնի է ոչ միայն որպես ԵԽԽՎ-ում Հայաստանը վարկաբեկած պաշտոնյա, այլև՝ պետության հաշվին տարեկան մի քանի միլիոն դոլար վաստակող «բիզնես լեդի»։
«ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզել է, որ միայն 3 պայմանագրով Հերմինե Նաղդալյանին պատկանող «Սիսիան ԲՈւԱՏ» ՍՊԸ-ն այս տարի 636 միլիոն 272 հազար դրամի արժողությամբ ճանապարհաշինարարական աշխատանքերի պետական պատվեր է ստացել։ ԱԺ այս փոխնախագահը և նրա ամուսինը ՝ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը, մշտապես զբաղեցրել են գործարարության հետ անհամատեղելի պաշտոններ։
Բայց դա չի խանգարել, որպեսզի ամուսինները տարեկան հարյուրավոր միլիոն դրամների եկամուտ ստանան իրենց պատկանող ընկերություններից, որոնք գործում են բացառապես պետական պատվերով ճանապարհաշինարարական և այլ աշխատանքներ իրականացնելու հաշվին։ Իսկ ՀՀ կառավարության անդամները դեմքի ամենալուրջ արտահայտությամբ ինչ-որ մութ անկյուններում կոռուպցիա են փնտրում»։