25/08/2016 20:00
Ե՛վ վախ եմ զգում, և՛ տագնապ, և՛ հուզմունք. Արևիկ Ալավերդյանը սպասում է իր առաջնեկին
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ երգչուհի Արևիկ Ալավերդյանն, ով արդեն մի քանի տարի է ամուսնացել և բնակվում է Ֆրանսիայում, սպասում է իր առաջնեկին: Aysor.am-ը, գեղեցիկ կարգավիճակի և ուրախ լուրի կապակցությամբ շնորհավորելով երգչուհուն, հետաքրքրվեց զգացողությունների և սպասումների մասին:
«Անչափ երջանիկ եմ, քանի որ, Աստված առաջ, շուտով կվայելեմ մայր լինելու բերկրանքը: Անսովոր, բայց միաժամանակ գեղեցիկ կարգավիճակում եմ, այս ամենը նոր է ինձ համար: Զգացողություններս շատ տարբեր են. և՛ վախ եմ զգում, և՛ տագնապ, և՛ հուզմունք»,-մեզ հետ զրույցում անկեղծացավ ապագա մայրիկը:
Վերհիշելով պահը, երբ տեղեկացել է, որ մայր է դառնալու, խոստովանեց. «Այն պահերից է, որ երբեք չի մոռացվում: Առանց երկար-բարակ մտածելու՝ անմիջապես ամուսնուս հայտնեցի: Անչափ էր երկուսիս երջանկությունը»:
Երգչուհին այժմ գտնվում է հղիության 6-րդ ամսում, որդու լուս աշխարհ գալուն սպասում է դեկտեմբերի սկզբին: Զույգն անվան հարցում դեռ վերջնական չի կողմնորոշվել:
«Անվան հարցում դեռ չենք շտապում: Ինչ վերաբերում է երեխայի սեռին, թեև միշտ էլ երազել եմ, որ առաջնեկս տղա լինի, բայց ընդհանուր առմամբ մեզ համար սեռն էական չէ: Կարևորը՝ առողջ բալիկ լինի»,-նշեց նա:
Արդեն իսկ որոշված է՝ ծննդաբերության օրերին երիտասարդ ընտանիքին կմիանա Արևիկի մայրիկը:
«Քանի որ ապրում ենք Փարիզում, ապա այստեղ էլ կծննդաբերեմ: Բայց մինչ այդ Երևան կգամ: Հետագայում մայրիկս կողքիս կլինի և կօգնի բոլոր հարցերում: Այդ առումով շատ հանգիստ եմ»,-ընդգծեց երգչուհին:
Նորաթուխ ծնողները սնահավատ չեն և իրենց առաջնեկի համար գնումներ անել սկսել են վաղուց:
«Դեմ եմ սնահավատությանը, որովհետև, եթե երեխան Աստծո պարգև է, Աստված էլ նրա համար հոգ կտանի ու կպահպանի: Ես այդպես եմ մտածում, հետևաբար, շատ վաղուց եմ սկսել պատրաստվել փոքրիկիս լույս աշխարհ գալուն»,-ժպիտով եզրափակեց խոսքն Արևիկ Ալավերդյանը:
Aysor.am-ը շնորհավորում և բարի ծննդաբերություն է մաղթում երգչուհուն: