26/08/2016 12:21
Քանի դեռ Արցախը բանակցային սեղանի շուրջ չէ, հիմնախնդիրը լուծում չի ստանա. Թևան Պողոսյան
Դիվանագիտական գործընթացը հայտնվել է փակուղում, ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Արցախն իր սեփական ուժերով այսօր կարողանում է ամրապնդել առաջնագիծը: Արցախում անցկացված հանրային կրածիքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բնակչության 99.4% -ը բացառում է բանակցային գործընթացում զիջումների գնալու հեռանկարը: Լավ կլիներ, որ նման մի հարցում էլ մեզ մոտ անցկացվեր, որը ցույց կտար ամբողջ հայության կարծիքն այս հարցի շուրջ: Հաշվի առնելով, որ շուտով Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններ են անցկացվելու, լավ կլիներ, որ կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում ներկայացնեին, թե ինչպես են տեսնում վարվող բանակցությունների ապագան»,- լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Արցախյան հարցի կրագավորման գործընթացից, ասաց պատգամավորը:
Ըստ Թ. Պողոսյանի՝ քանի դեռ Արցախը բանակցային սեղանի շուրջ չէ, հիմնախնդիրը լուծում չի ստանա: Բանախոսի դիտարկմամբ՝ խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի Արցախի ներկայացուցիչները նստեն բանակցային սեղանի շուրջ:
«Պետք է հասկանալ, որ մենք ունենք հակառակորդ, որը ցանկանում է ռազմական ուժով լուծել Արցախի հարցը: Մենք պետք է այս սցենարին էլ պատրաստ լինենք: Ադրբեջանը շարունակում է վիժեցնել բանակցային գործընթացը: Տարբեր կողմեր կարող են նստել բանակցային սեղանի շուրջ, քննարկեն ինչ-որ հարցեր, բայց մինչև Արցախի ներկայացուցիչները չնստեն բանակցային սեղանի շուրջ, հարցը լուծում չի ստանա»,-ասաց նա:
Անդրադառնալով փոխզիջումների հարցին՝ պատգամավորն ասաց, որ պաշտոնյանները նման հայտարարություն են անում՝ ելնելով զբաղեցրած պաշտոնից և կոչ արեց կարդալ հայտարարությունների ենթատեքստերը:
«Դավիթ Բաբայանի այն հայտարարությունը, որ Արցախը պատրաստ է փոխզիջումների, նշանակում է, որ միակողմանի քայլեր Արցախը երբեք չի անելու»,-նշեց նա: