26/08/2016 19:00
Միայն կասեմ, որ ծնվել է Բարսեղյան Լուսե հրաշք-աղջիկը, ինչի համար ես երջանիկ եմ. Ավետ Բարսեղյան
Երեկվանից աստղային հանրությունը համացանցում ակտիվորեն շնորհավորում է հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանին և կնոջը՝ Անի Քաթաբյանին՝ առաջնեկի լույս աշխարհ գալու կապակցությամբ: Արդեն իսկ հայտնի է, որ նորածինը դստրիկ է, ում ծնողները տվել են Լուսե անունը:
Aysor.am-ը կապ հաստատեց նորաթուխ հայրիկի հետ, ով, ի դեպ, որքան պերճախոս է ստեղծագործական հարցերի շուրջ զրույցներում, նույնքան սակավախոս է անձնական թեմաների շուրջ:
«Միայն կասեմ, որ ծնվել է Բարսեղյան Լուսե հրաշք-աղջիկը, ինչի համար ես երջանիկ եմ: Հասկանալով, որ հանրային մարդիկ պետք է նաև անձնական հարցերի շուրջ խոսեն, միևնույն է, ես այդ բարդույթը չեմ կարողանում հաղթահարել: Եվ հետո, էմոցիաներս դեռ թարմ են, եփվում են մեջս, պետք է իմի բերեմ», - մեզ հետ զրույցում ժպիտով նշեց Ավետ Բարսեղյանը:
Aysor.am-ը շնորհավորում է երջանիկ ծնողներին ու անհոգ և լուսավոր մանկություն մաղթում փոքրիկ Լուսեին: