27/08/2016 09:32
ԱԱԾ քննչականի նախկին պետը աշխատանքի է անցել «Հայբիզնեսբանկում». «Հրապարակ»
Մոտ մեկ ամիս առաջ ԱԱԾ քննչական վարչության պետի պաշտոնից ազատված Մնացական Մարուքյանը նոր պաշտոն է ստացել:
«Հրապարակ»-ի տեղեկություններով` նա նշանակվել է «Հայբիզնեսբանկի» կառավարչի խորհրդական: «Հայբիզնեսբանկից» հաստատել են թերթի տեղեկությունը` նշելով, որ նշանակումը եղել է օգոստոսի 16-ին:
«Այս նշանակումն առավել քան ուշագրավ է, քանի որ ոչ վաղ անցյալում հենց Մնացական Մարուքյանն է քննել «Հայբիզնեսբանկ» ընկերությունից 10 մլն. 980 հազար եվրո գումար հափշտակելու գործը: Այդ գործով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը և նրա տեղակալ Մելիք Եսայանն ավելի քան 2,5 տարի է` անազատության մեջ են:
Արա Կիրակոսյանի մասով գործը դատաքննության փուլում է, հնարավոր է` շուտով հանգուցալուծվի, Մելիք Եսայանի մասով քննությունն առանձնացվել է հիվանդության պատճառով: Այս գործով մեղադրյալներից Սուրեն Գաբրիելյանն էլ, որը 2014թ. Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի էր դիմել, Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ է, նրա մասով գործը կասեցված է:
ԱԱԾ թերթի աղբյուրները պատահական չեն համարում Մարուքյանի նշանակումը «Հայբիզնեսբանկում», կարծիք կա, որ այդ պաշտոնով ԱԱԾ քննչական վարչության պետին փոխհատուցել են մոտ 10 մլն. եվրոյի գործով ABB-ին տուժող ճանաչելու որոշումը», - գրել է թերթը: