29/08/2016 13:02
ԼՂ սահմանադրական փոփոխությունները արհեստական օրակարգ է. Գեղամ Բաղդասարյան
Եթե վերաբերում ենք Արցախին որպես անկախ պետության, ապա պետք է հարգենք նաև արցախցիների իրավունքը՝ ընտրել սեփական կառավարման մոդել, լրագրողներին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, խոսելով ԼՂ սահմանդրական փոփոխությունների մասին:
«1991 թվականից ի վեր՝ Արցախում ու Հայաստանում մեծամասամբ գործում է նույն օրենսդրական դաշտը, ուստի կանխատեսվում էր, որ եթե Հայաստանը խորհրդարանական մոդելի է անցում կատարում, ապա նույն մոդելը Արցախում է լինելու», - նշեց Թ.Պողոսյանը՝ հավելելով, որ ինքը դրական է վերաբերում ԼՂ սահմանադրական փոփոխություններին:
Մինչդեռ հանդիպման հաջորդ բանախոս «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը չհամաձայնեց պատգամավորի հնչեցրած մտքին: Վերջինիս խոսքով՝ ԼՂ սահմանադրական փոփոխությունները արհեստական օրակարգ են և այս պահին կարևոր հարցեր չեն լուծում:
«Այսօր Արցախում կան այնպիսի հարցեր, որոնք շտապ լուծումներ են պահանջում և Սահմանդարությունը չէ, որ լուծելու է այս խնդիրները: Ես համաձայն չեմ, որ սահմանադրական փոփոխությունները անվտանգության հարցեր են լուծում: Մինչև ապրիլյան պատերազմն Արցախն ունցել է այն նույն կառավարման մոդելն, ինչ այսօր և այս նույն մոդելի պայմաններում կարողացել է ապրիլյան պատերազմից հետո մեծ գործ անել և ապահովել բնակչության անվտանգությունը: Բացի այդ՝ դեռ ապրիլյան պատերազմի օրերին իշխանությունը ասում էր, որ խորհրդարանական մոդելը շատ ավելի ընդունելի է իր համար, իսկ թե ի՞նչ փոխվեց այս ընթացքում՝ դժվարանում եմ ասել», - նշեց Բաղդասարյանը:
Բանախոսն ընդգծեց, որ Արցախում իշխանությունը չունի վերարտադրման խնդիր, ուստի ԼՂ սահմանադրական փոփոխությունները ուղղված են ոչ թե իշխանությունների, այլ առանձին անհատների վերարտադրմանը: