29/08/2016 20:13
Այս բոլոր մեսիջները հանդիսատեսին փոխանցվելու են շատ սուր, ճիշտ ու գրագետ հումորի միջոցով. Արման Գևորգյանը՝ «3+2 կգ» ֆիլմի մասին
Սեպտեմբերի 15-ից մեծ էկրան կբարձրանա հայկական առաջին քրեական կատակերգությունը՝ «3+2 կգ»-ը, որի ռեժիսորն է Կորյուն Մայիլը: Այս մասին Aysor.am-ն իր ընթերցողներին առաջինն է տեղեկացրել: Այսօր էլ զրուցել ենք ֆիլմի գլխավոր դերակատար Արման Գևորգյանի հետ, ով գեղարվեստական ֆիլմում իր դեբյուտը հենց «3+2 կգ»-ով է նշում:
-Արման, ինչպե՞ս և ո՞ւմից եղավ այս ֆիլմում նկարահանվելու առաջարկը:
-Առաջարկը ստացել եմ ֆիլմի ռեժիսոր, սցենարի հեղինակ, պրոդյուսեր Կորյուն Մայիլից: Կարելի է ասել՝ նախապատրաստական աշխատանքների առաջին իսկ օրից սկսեցի նրա հետ աշխատել թե՛ որպես գլխավոր դերակատար, թե՛ որպես ֆիլմի տնօրեն:
-Մի փոքր կբացե՞ք ֆիլմի փակագծերը:
-Ֆիլմի հետաքրքրությունը պահպանելու նպատակով՝ փակագծերը չեմ բացի, միայն կասեմ, որ այս ժանրի ֆիլմ Հայաստանում առաջին անգամ է նկարահանվում: Այն իր մեջ նաև դաստիարակչական տարրեր է ներառում, երիտասարդներին կհորդորի զերծ մնալ «կեղտոտ խաղերի» մեջ մտնելուց: Իհարկե, այս բոլոր մեսիջները հանդիսատեսին փոխանցվելու են շատ սուր, ճիշտ ու գրագետ հումորի միջոցով:
-Իսկ Ձեր կերպարի մասի՞ն ինչ կասեք:
-Ես մարմնավորելու եմ երեք անդավաճան ու նվիրված ընկերներից մեկին՝ Ռադիկին: Մնացածը՝ էկրաններին (ժպտում է):
-Ովքե՞ր են Ձեր խաղընկերները:
-Արման Նավասարդյանը, Կորյուն Մայիլը, Սարգիս Գրիգորյանը, Արթուր Պապիկյանը, Արթուր Հակոբյանը, Արա Սարգսյանը, Մխիթար Ավետիսյանը, Աննա Մարտիրոսյանը, Լիլիթ Գալստյանը և այլք:
-Վերջին շրջանում հաճախ են կատակերգական ֆիլմեր նկարահանվում: Ի՞նչ եք կարծում, այս ֆիլմը որքանո՞վ մրցունակ կլինի:
-Յուրաքանչյուր ֆիլմ իր ասելիքն ունի և իր տեսակի մեջ է հետաքրքիր: Ինչ վերաբերում է մրցունակ լինելուն, կարծում եմ՝ ժանրի առումով նորույթ լինելով՝ արդեն իսկ մրցակցության մեջ է մտնում: Եվ հետո, այս ֆիլմը նկարահանվել է դասական դպրոցի հիմունքներով՝ ճիշտ կինոյի օրենքներով, գրագետ կադրերով և ռեժիսորական աշխատանքով: Իհարկե, ֆիլմը նաև կոմերցիոն նպատակ ունի, իսկ բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում կոմերցիոն են համարվում հումորային ֆիլմերը: Դրա համար մի քիչ ցավում եմ, բայց նաև հասկանում, որ մեր ազգին հումորն ու ծիծաղն անհրաժեշտ է, հրաշալի դեղամիջոց է:
-Արման, բազմիցս նշեցինք, որ ֆիլմը քրեական կատակերգության ժանրում է: Հետաքրքիր է, կա՞ մի թեմա, որին, ըստ Ձեզ, հումորով անդրադառնալ չի կարելի…
-Իհարկե կա, և ոչ թե մեկը, այլ՝ մի քանիսը: Օրինակ, մեր ազգը բազմաթիվ ողբերգություններ է ապրել և անդրադառնալ այդ ամենին հումորի տեսանկյունից՝ չի կարելի՝ լինի էկրանին, թե՛ բեմում: Դա սրբապղծություն կլինի: Կարծում եմ, որևէ ստեղծագործողի ներքին դաստիարակությունն ու հոգեկերտվածքը թույլ չեն տա նման բան անել:
-Երբեմն ֆիլմի մեջ հանդիսատեսն իրական հերոսների է փնտրում՝ այս կամ այն քրեական հեղինակությանը, քաղաքական գործչին… Այդպիսի նմանություններ կլինե՞ն «3+2 կգ»-ում:
-Ոչ, անհատներին վերաբերող ակնարկներ չկան մեր ֆիլմում, այստեղ կարևորն ընդհանուր ասելիքն է, հաղորդագրությունը:
-Ի դեպ, նկարահանումները ե՞րբ և որտե՞ղ են իրականացել:
-Հունիս-հուլիս ամիսներին՝ Երևանի գողտրիկ անկյուններում:
-Ցուցադրությունը միայն Երևանո՞ւմ է լինելու, թե՞ նաև մարզերում, Հայաստանից դուրս:
-Իհարկե, նախատեսում ենք ցուցադրել նաև Հայաստանի բոլոր մարզերում: Նպատակ ունենք արտերկրում ևս ներկայացնել…
- Արման, նախկինում Ձեզ հանդիպում էինք հումորային նախագծերում, հաղորդումներում: Այժմ այդ առումով բավական պասիվ եք: Ինչո՞ւ:
-Այո, ես հիմա հանդես չեմ գալիս որևէ հեռուստանախագծում: Նախ, ժամանակի հետ կապված խնդիր ունեմ, առավել զբաղված եմ իմ փրոդաքշնի պատվերների իրականացմամբ, կազմակերպմամբ: Սակայն ցանկացած լավ առաջարկ սիրով և հոժարակամ ընդունում եմ:
-Այսօր էկրանները ողողված են տարբեր սկեչերով, հումորային նախագծերով: Այս բազմաքանակությունն իր հետ որակ բերո՞ւմ է:
-Գիտեք, ժամանակի ընթացքում է պարզ դառնում՝ այս կամ այն նախագիծը ինչ ճակատագիր կունենա: Իհարկե, մասնագետների կողմից ի սկզբանե կարող է պրոյեկտը որակավորվել, բայց արի ու տես, որ մասնագետները չեն, որ որոշում են որակն ու նախագծի տևողությունը: Վերջնական գնահատականը հեռուստադիտողինն է, լավ, թե վատ՝ նա է որոշում:
-Բեմ բարձրանալու և հումոր անելու համար դերասանի մասնագիտությունն անհրաժե՞շտ է, թե՞ բավական է լավ անեկդոտ պատմել իմանալ:
-Հետաքրքիր հարց է (մտածում է): Բոլորիս շրջապատում էլ շատ մարդիկ կան, որ սեղանի շուրջ անեկդոտներ են պատմում, սեղանակիցներին ուրախացնում, ծիծաղից թուլացնում: Բայց այդ նույն մարդիկ բեմից նույնն անել, նման ծիծաղ ու տրամադրություն ապահովել չեն կարող: Շատերի դեպքում էլ հակառակն է՝ բեմից, էկրանից ժպիտներ են պարգևում, իսկ սեղանի շուրջ ներփակված ու չխոսկան են: Ինչ վերաբերում է մասնագիտությանը, ապա այս դեպքում դա մի քիչ հարաբերական է: Չեմ կարող պնդել, որ այս ոլորտի ներկայացուցիչները պետք է պարտադիր հումորային դպրոց անցնեն: Շատ հումորիստներ ունենք, որ մասնագիտությամբ դերասան չեն, բայց այդ առաքելությունը հրաշալի են կատարում:
Թեմային առնչվող նյութեր՝