29/08/2016 17:29
Այս տարի այդպես նպատակահարմար գտա. Հարություն Մովսիսյանը՝ ծննդյան օրվա մասին
ՀՀ վաստակավոր արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Հարություն Մովսիսյանն այսօր նշում է ծննդյան 65-ամյակը: Aysor.am-ը շնորհավորելով սիրված դերասանին՝ հետաքրքրվեց տոնական օրվա անցուդարձի և սպասվող տոնախմբության մասին:
«Քանի որ զբաղվածությունս մեծ է, անընդհատ նկարահանման հրապարակում եմ լինում, ապա մեծ միջոցառում չենք կազմակերպի: Հավանաբար, երեկոյան իմ ընտանիքի՝ կնոջս և դստրիկիս հետ որևէ գեղեցիկ տեղ կգնանք՝ առանց աղմուկ բարձրացնելու և իմ ծննդյան մասին բարձրաձայնելու: Այս տարի այդպես նպատակահարմար գտա, մեծ տոնախմբությունները թողնենք մյուս տարիներին», - մեզ հետ զրույցում նշեց վաստակավոր արտիստը:
Սիրված դերասանին առաջինը շնորհավորել են ընտանիքի անդամները, մտերիմ ընկերներն ու գործընկերները: Չնայած այդ զանգերն ուրախացրել են հոբելյարին, սակայն վերջինս ժպիտով խոստովանեց՝ ամեն տարի այս օրը տխուր է լինում.
«Թեև բնույթով կենսախինդ եմ, սիրում եմ ուրախանալ, պարել, երգել, ուրիշների ծնունդներին քեֆ անել, անեկդոտներ պատմել, բայց իմ տարեդարձների նկատմամբ անտարբեր եմ, կարևորություն չեմ տալիս»:
Չգրված օրենք է՝ 40-ամյակը նշել չի կարելի, սակայն Հարություն Մովսիսյանի ծննդյան տարեդարձներից ամենահիշվողն ու տպավորիչն իր 40-ամյակն է եղել, երբ անակնկալ կերպով հավաքվել են գրեթե բոլոր ընկերներն ու հարազատները:
«Ամեն ինչ հանկարծակի ստացվեց. որոշել էինք բարեկամներով հավաքվել, բայց ընկերներս ու գործընկերներս անակնկալ կերպով միացան մեզ: 200-300 հոգի հավաքվեցինք ու մի լավ քեֆ արեցինք», - վերհիշեց նա:
Անդրադառնալով նվերներին՝ հոբելյարը չթաքցրեց՝ առավել շատ սիրում է նվեր տալ, քան ստանալ.
«Երբ ինձ նվեր են տալիս, իրար եմ խառնվում, չեմ իմանում՝ ինչպես արձագանքել: Իհարկե, շոյվում եմ, երբ թեկուզ շատ փոքրիկ հուշանվեր են տալիս: Ի դեպ, կարևորը նվերի չափն ու գինը չէ, այլ՝ բարի ցանկությունը»:
Aysor.am-ի հետ ամփոփելով այս տարիների երազանքներն ու ցանկությունները՝ վաստակավոր դերասանը նկատեց՝ այն, ինչ պետք է արտիստին՝ ունի, իսկ այն, ինչ չունի՝ կստեղծի:
«Ինձ առաջնահերթ առողջություն եմ մաղթում, նաև՝ ստեղծագործական ակտիվ աշխատանք: Ես գոհ եմ իմ ժողովրդից, հանդիսատեսից, ովքեր ինձ սիրում ու գնահատում են: Դա ամենակարևորն է, ու ես երջանիկ եմ դրա համար, մնացած ամեն ինչ երկրորդական է», - ասաց նա:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Հարություն Մովսիսյանին՝ մաղթելով առողջություն, ստաեղծագործական և անձնական բազում վերելքներ: