30/08/2016 09:37
Ծույլ ու անտարբեր նախարար Ճշմարիտյանին փոխարինել է թույլ ու անտեղյակ Մինասյանը. «Հրապարակ»
Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմն արդեն անեկդոտներ է պատմում նորանշանակ դաշնակցական նախարարի մասին և համոզված պնդում է, որ Արծվիկ Մինասյանի նշանակումը սխալ էր, գրել է «Հրապարակ»-ը:
«Խնդիրն անգամ այն չէ, որ նախարարը ոչ մի օտար լեզվի չի տիրապետում և զբաղված է լոզունգներ հռչակելով ու պոպուլիստական ելույթներ ունենալով։ Գլխավոր խնդիրն այն է, որ նա չի կարողանում հարաբերություններ կառուցել ոչ վերադասի, ոչ ստորադասի հետ։
Ասում են՝ նրա վարորդը շեֆի աշխատասենյակում նրա հետ սուրճ է խմում և պարբերաբար թույլտվություն վերցնում աշխատանքից շուտ «թռնելու» համար։ Նրա քարտուղարուհին «շեֆի շեֆն է», իսկ վարչությունների պետերից մեկը նույնիսկ նրան վարչապետի մոտ է ցանկացել տանել, որ պարզեն՝ «ով է ճիշտ, ով՝ սխալ»։ Ենթակա կառույցների հետ էլ նա չի աշխատում․ դրանք ուղիղ կառավարության և վարչապետի հետ են հարաբերվում։ Մի խոսքով, աշխատակազմի կարծիքով, ծույլ ու անտարբեր նախարար Ճշմարիտյանին փոխարինել է թույլ ու անտեղյակ Մինասյանը», - գրել է թերթը: