30/08/2016 16:02
Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքով քրգործը կարճվել է, մեղադրյալներն ազատ կարձակվեն
ԼՂՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը համաներման հիմքով կարճվել է:
«Համաներումով, փաստորեն, մեղադրյալներն ազատ կարձակվեն», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Խանումյանը:
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ որոշումը բողոքարկելու են ընդհուպ մինչև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ, հիշեցնենք, համաներում էր հայտարարվել: Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրգործը վերաորակվել էր՝ առևանգումից դառնալով խուլիգանություն:
Միաժամանակ Արցախի Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քրեական գործը ըստ մեղադրանքի Էրիկ Պողոսյանի, Սերգեյ Ավանեսյանի, Միքայել Սահակյանի` նախատեսված ԼՂՀ ՔՕ 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Նիկոլայ Գաբրիելյանի` նախատեսված ԼՂՀ ՔՕ 37-րդ հոդվածի 5-րդ մասով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, կարճվել է և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ԼՂՀ ՔԴՕ 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի հիմքով (ընդունվել է համաներման ակտ):
Միաժամանակ վերացվել է նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանավորումը:
Հիշեցնենք՝ հունիսի 6-ին Ստեփանակերտի կենտրոնում ծեծի էր ենթարկել ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: Խանումյանին էին մոտեցել զինվորական համազգեստով անձինք, ծեծելով նստեցրել մեքենան, տարել Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող գյուղ, որտեղ մոտ 20 հոգով սկսել էին հարվածել: