30/08/2016 18:33
Հրանտ Թոխատյանը նոր՝ «Հարսանիք» կինոկատակերգության մասին
ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն այն հազվագյուտ դերասաններից է, որը գրեթե երբեք «պարապ» չի մնում: Այս օրերին էլ դերասանը նկարահանվել է 3 նովելներից բաղկացած ռուսական կինոնախագծում, որի հայկական հատվածը վստահվել է Հայկ Մարությանին:
Աշխատանքային՝ «Հարսանիք» անվամբ Ֆիլմի յուրաքանչյուր նովելում ներկայացվում են հարսանեկան ազգային սովորույթները, պրոդյուսերն է Ղևոնդ Անդրեասյանը:
«Ես միայն հայկական նովելում եմ նկարահանվել: Մարմնավորում եմ փեսացուի հորը, որդուս դերում Հայկ Մարությանն է, հարսնացուին կերպարանավորում է Նատալյա Ռուդովան: Փեսացուն ապրում և աշխատում է Մոսկվայում: Թեև ամուսնանում է ռուս աղջկա հետ, սակայն հայրն ու տատիկը այս ու այն պատճառով փորձում են հարսանիքը Հայաստան բերել, ու դա ստացվում է», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Հրանտ Թոխատյանը:
Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Դիլիջանում: Նկարահանվել են նաև Անդրանիկ Հարությունյանը, Արև Սանթրոսյանը, Յուրի Իգիթխանյանը և այլք:
Պրեմիերայի մասին խոսելը դեռևս վաղ է, ֆիլմը, հավանաբար, մեծ էկրան կբարձրանա աշնանը: