30/08/2016 16:45
Միքայել Պողոսյանի «Լորիկը» տրագիկոմեդիայի մեջ կնկարահանվի նաև Ֆորշը
Հայկական ժամանակակից ֆիլմադարանը շուտով կհամալրվի ևս մեկով. Միքայել Պողոսյանի «Լորիկ» աշխատանքային վերնագրով գեղարվեստական ֆիլմը մեծ էկրաններին կլինի 2017 թվականին:
«Ֆիլմն այս իրականության մեջ ապրող արվեստագետի մասին է, ով փորձում է մասնագետից վերածվել մարդու: Ի վերջո, յուրաքանչյուրը կարող է լավ «փեշակավոր» լինել, բայց կյանքում անարժան արարքներ գործել: Այս իրականությանը միայն լավ մասնագետ լինելով չեն նվիրվում, այլ պետք է կարողանալ տեսնել շրջապատի մարդկանց, անհրաժեշտության դեպքում նրանց փայփայել, գուրգուրել, սիրել ու առողջացնել», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը:
Դրամայի, կատակերգության և ֆանտաստիկայի ժանրում նկարահանվող ֆիլմում ներգրավված են հայ և ռուս կինեմատոգրաֆիստներ, սցենարիստն ու գլխավոր դերակատարը Միքայել Պողոսյանն է, ով հանդես է գալիս Լորիկի դերում, բեմադրող ռեժիսորը՝ Ալեքսեյ Զլոբինը: Հերոսուհուն մարմնավորում է Եվգենիա Դմիտրիևան: Նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Ֆորշը, Վահագն Սիմոնյանը, Ջոն Մակարյանը, Բեմադրող նկարիչն է Արմեն Ղազարյանը, օպերատորը՝ Վահագն Տեր-Հակոբյանը:
«Մեծ ու փոքր՝ մոտ 50 դերակատարում կա: Ի դեպ, Ֆորշը մարմնավորում է երաժիշտի, ով ֆիլմի մեջ նաև երգելու է: Ընդհանրապես, նա բազմաշնորհ անձնավորություն է», - ընդգծեց մեր զրուցակիցը:
Թե ինչո՞վ է պայմանավորված ռուս կինոգործիչների ընտրությունը, արդյոք ֆիլմը ռուսական ընկերության պատվեր է՝ հարցին Մ. Պողոսյանը պատասխանեց. «Ոչ, նրանց հետ աշխատելու որոշումն ինքս եմ կայացրել, քանի որ փորձ ունեմ և գիտեմ՝ երբ ընդգրկվում են արժանի տարբեր ստեղծագործողներ, դրանից հայ կինոն միայն շահում է: Չեմ ուզում մեր կինոարտադրությանը փնովել, բայց նաև չեմ ժխտի՝ կան մասնագետներ, ովքեր բավարար գիտակ չեն… Դա է պատճառը, որ մեր պրոյեկտների մեջ փորձում ենք ընդգրկել նաև դրսի մասնագետներին»:
Ֆիլմը հայերեն է, միայն ռուս դերասանուհու տեսարաններում կհնչի ռուսերենը: