31/08/2016 09:22
Հունան Պողոսյանի որդին երթևեկում է 110 հազար դոլար արժողությամբ Mercedes GL 500 մեքենայով. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն ամիսներ առաջ որդու համար Mercedes GL 500 մակնիշի մեքենա է գնել Երևանում գտնվող «Մերսեդեսի» սրահից: Այստեղ մեծ զեղչ են արել` 150 հազար դոլար արժողությամբ մեքենան ոստիկանապետի տեղակալին տվել են ընդամենը 110 հազար դոլարով:
««Premium» սեգմենտի լյուքս դասի այս բարձրակարգ ամենագնացից Հայաստանում վարում են մի շարք հայտնի օլիգարխներ: Ուշագրավ է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2015թ. հայտարարագրով ոչ Հունան Պողոսյանը, ոչ նրա որդին` Հրաչյա Պողոսյանը, մեծ եկամուտներ չունեն:
Հրաչյա Պողոսյանը հայտարարագրել է 437 հազար դրամ` որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ Հունան Պողոսյանը հայտարարագրել է մոտ 6 մլն. դրամ աշխատավարձ, 35 մլն. դրամ և 20 հազար դոլար: Հետաքրքիր է, թե նման համեստ միջոցներով ինչպես է նման թանկարժեք մեքենա գնել», - գրել է թերթը: