31/08/2016 09:28
Անկախության 25-ամյակի կապակցությամբ, հնարավոր է, համաներում հայտարարվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ նախագահի նստավայրում քննարկումներ են կազմակերպվել Անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու նախագծի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են դատաիրավական համակարգի ներկայացուցիչները։ Նախագիծը, կարելի է ասել, գրեթե պատրաստ է, և այդ քննարկման ընթացքում վերջին ճշգրտումներն են իրականացվել։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ համաներման նախագծի մշակումը նախատեսվում է ավարտել մինչև ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 12-ը։ Այս տեսանկյունից ուշագրավ է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը։ Հնարավոր համաներման մասին լուրերի տարածվելուց հետո դատապարտյալները ամեն կերպ ձգտում են խախտում թույլ չտալ, որպեսզի համաներմամբ նախատեսվող պատժի մեղմացումից չզրկվեն։
Նախագահական նստավայրից համաներման շուրջ քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու թերթի բոլոր փորձերն ապարդյուն են անցել. հեռախոսազանգերին չեն պատասխանել։