31/08/2016 13:42
Հայաստանում ոչ ոք չի մտածում հողեր զիջելու մասին, բացի նրանցից, ովքեր խոսում են այդ մասին. Շիրակ Թորոսյան
Հայաստանում ոչ ոք չի մտածում ադրբեջանական կողմին հողեր զիջելու մասին, բացի նրանցից, ովքեր խոսում են այդ մասին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Նրա խոսքով՝ փոխզիջումները դիտարկել անպայման հողերի հանձնումով՝ ճիշտ չէ:
«Փոխզիջման տարբերակը կարող է առնչվել բազմաթիվ խնդիրների: Հիշենք, որ 90-ականների պատերազմին ևս կորուստներ ենք ունեցել՝ Գետաշեն, Մարտունաշեն, Արծվաշեն: Բազմաթիվ հայկական գյուղեր են տարհանվել, փոխզիջումներ ասելով մենք դեռ շատ խնդիրների պետք է անդրադառնանք», - նշեց պատգամավորը:
Շիրակ Թորոսյանը ընդգծեց՝ ապրիլյան քառօրյա պատերազմն ու դրան հետևած իրադարձությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական կողմն արժանի չէ վստահության ոչ միայն հայկական կողմի, այլև՝ միջազգային հանրության համար:
«Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում հանդիպումներից հետո ադրբեջանական կողմը ցույց է տվել, որ հանդես է գալիս երկակի դիրքորոշմամբ, առաջինը միջազգային հանրության հանդեպ, երկրորդը՝ ներքին լսարանի: Եթե մինչև ապրիլյան պատերազմը հայկական կողմը պատրաստ էր որոշակի փոխզիջումների, ապա պատերազմից հետո Ադրբեջանը փաստացի հրաժարվում է ցանկացած տեսակի խոսակցությունից և բանակցություններից: Այս պայմաններում բանակցային սկզբունքները, բնականաբար, պետք է փոփոխվեն», - շեշտեց Շիրակ Թորոսյանը:
«Այժմ հայկական կողմն ավելի կոշտ դիրքորոշում պետք է ցուցաբերի, եթե ադրբեջանական կողմը ռազմատենչ հայտարարություններ է անում, ապա հայկական կողմը պետք է ցույց տա, որ պատրաստ է դրան», - հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը: