31/08/2016 16:58
Սեպտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը խորհրդակցություն կանցնկացնի Մոսկվայում Ղարաբաղի հարցի շուրջ
Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Մոսկվայում, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում նախատեսվում է անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցություն», - չորեքշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է Մ.Զախարովան:
Նրա խոսքով՝ համանախագահների հանդիպումը նախատեսված է անցկացնել արտգործնախարարությունում՝ գերատեսչության ղեկավարության մասնակցությամբ:
«Կքննարկվեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման արդի հարցեր: Հատուկ ուշադրության կենտրոնում կգտնվի ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ մայիսի 15-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նա նաև ընդգծել է, որ խոսքը այն ծրագրային խորհդակցությունների մասին է, որոնք պարբերաբար անցկացվում են Վաշինգտոնում, Փարիզում և Մոսկվայում: Հանդիպման հիմնական նպատակն է՝ համատեղել երեք պետությունների ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: