31/08/2016 17:00
Պարզվեց՝ տորթով ու փուչիկներով ինձ էին սպասում. դերասան Տիգրան Նալչաջյանը դարձավ 32 տարեկան
Դերասան-ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը օգոստոսի 31-ին դարձավ 32 տարեկան: Aysor.am-ը տոնական անցուդարձի և օրվա զգացողությունների մասին զրուցել է հոբելյարի հետ:
«Ասեմ, որ ինձ շատ լավ եմ զգում, որովհետև դեռ երիտասարդ եմ, սակայն միևնույն ժամանակ՝ հասուն և նպատակաուղղված: Սա հիանալի տարիք է տղամարդու համար: Այնքան շատ շնորհավորանքներ եմ ստացել, որ չեմ կարողանա հիշել՝ ով է առաջինը շնորհավորել, ով՝ 10-րդը: Միայն կասեմ, որ հեռախոսազանգով գիշերը ուղիղ 24:00-ին ինձ շնորհավորեց իմ ստուդիայի 11-ամյա սան Ստեփանը», - մեզ հետ զրույցում ժպիտով խոստովանեց օրվա հերոսը:
Ծննդյան օրը դերասանին նաև անակնկալ էր սպասվում իր իսկ սաների կողմից, ովքեր որոշել էին՝ տոնական օրվա «բացումը» հենց իրենք պետք է անեն:
«Անակնկալ կերպով ինձ կանչեցին իմ ղեկավարած դերասանական ստուդիա` իբր կարևոր ժողովի: Սակայն արդյունքում պարզվեց, որ տորթով ու փուչիկներով ինձ էին սպասում իմ աշակերտներն ու կոլեգաները` դերասանուհիներ Աննա Դավթյանը և Մարգարիտա Հունանյանը», - մանրամասնեց նա:
Դերասան-ռեժիսորը նվերների հարցում բծախնդիր է. նախընտրում է ինտելեկտուալ նվերները: «Իմ ամենասիրած նվերը գիրքն է: Այսօր էլ նվեր ստացա Վուդի Ալենի հեղինակած երկու գրքերը: Ինչպես նաև խմիչք», - ընդգծեց նա:
Այս տարիների ամենահիշարժան ծննդյան տարեդարձը դժվարացավ առանձնացնել, քանի որ իր իսկ խոսքերով՝ միշտ էլ եղել են թեկուզ փոքրիկ, բայց գեղեցիկ անակնկալներ:
Հարցին, թե հավատում է արդյոք տորթի մոմերը փչելիս երազանք պահելուն և այդ երազանքի իրականացմանը, և ո՞րն է նրա ամենանվիրական երազանքը՝ պատասխանեց. «Իմ երազանքը ստեղծագործական ռեալիզացումն է ողջ կյանքի ընթացքում, և դրան հավատում եմ ցանկացած պահի` կլինի մոմերը փչելիս, թե այլ իրավիճակում: Ես միշտ լավատես եմ և շրջապատին նույնպես վարակում եմ լավատեսությամբ: Քանի որ իմ ծնունդն է, կցանկանամ, որ այս տարի ամեն ինչ գնա իր հունով, և նկարահանեմ այս պահի իմ գլխավոր աշխատանքը` «Այրվող հորիզոններ» ֆիլմը»:
Տիգրան Նալչաջյանի մաղթանքն ինքն իրեն հենց այդ երազանքների իրականացումն է: «Այո, իմ աշխատանքն այնքան շատ եմ սիրում, որ ինձ կմաղթեմ ստեղծագործական պլանների իրականացում: Առանց դրա իմ կյանքը չեմ պատկերացնում: Նաև մաղթում եմ, որ միշտ կողքիս լինեն ինձ համար թանկ մարդիկ` ընտանիքիս անդամները, ընկերները, գործընկերները, իմ ստուդիայի անձնակազմն ու սաները: Բոլորին շատ եմ սիրում», - եզրափակեց հոբելյարը:
Aysor.am-ը շնորհավորում է դերասանին՝ մաղթելով նպատակների իրականացում և բազում հաջողություններ: