01/09/2016 10:18
ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ Երևանում նախատեսված է ռազմական շքերթ. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ սեպտեմբերի 21-ին Երևանում նախատեսված է ռազմական շքերթ։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ առայժմ այս հարցի վերաբերյալ որևէ բան չի կարող ասել։
«Եթե որոշվի, որ ռազմական շքերթ է նախատեսված, կիրազեկենք այդ մասին», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը։ Հարցին՝ հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո արդյոք շքերթ իրականացնելու անհրաժեշտություն չկա՞, նա պատասխանել է. «Նման հարցերը որոշում են այլ մակարդակում, մեկնաբանելու բան չկա»։
«Ռազմական շքերթի անցկացման մասին պաշտոնապես թերևս հայտնի կդառնա առաջիկա օրերին։ Նկատենք, որ մեծամասշտաբ այսպիսի զորահանդես կազմակերպելն ու անցկացնելը ենթադրում է ֆինանսական լուրջ ծախսեր՝ մի քանի միլիոն դոլար։ Մյուս կողմից, սակայն, հատկապես ապրիլյան պատերազմից հետո շքերթի անցկացումը ավելի է կարևորվում․ ընդ որում, շքերթի կազմակերպիչները պետք է ձգտեն ցուցադրել հնարավորինս արդիական և հնարավորինս ահեղ զինատեսակներ», - գրել է «Հայկական ժամանակ»-ը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: