01/09/2016 14:31
ԼՂ հակամարտության լուծումը տեսնում ենք խաղաղ բանակցային ճանապարհով. Էլս վան Հուֆ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հուֆի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է բելգիացի պատգամավորների առաջիկա այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
«Այդ այցերը չեզոքացնում են Արցախի տեղեկատվական մեկուսացվածությունը և լսելի են դարձնում Արցախի ժողովրդի ձայնը Եվրոպայում, ով պայքարում էիր ազատության, արդարության և ինքնորոշման իրավունքի ճանաչման համար»,- ասել է Գալուստ Սահակյանը:
Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ հակամարտության լուծումը Հայաստանը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության հովանու ներքո:
Խոսելով ԼՂ հիմնախնդրից՝ Էլս վան Հուֆը մեջբերել է ԵՄ հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքերն այն մասին, որ չորսօրյա պատերազմն ամենածանրն ու դաժանն էր 1994 թվականին հաստատված զինադադարից հետո:
Տիկին Հուֆը նշել է, որ իրենք հավատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն իրենք տեսնում են խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:
Նա նշել է, որ հարցի կարգավորման համար պետք է տեղի ունենա քաղաքական երկխոսություն և պատրաստակամություն է հայտնել իրենց հնարավորության շրջանակում ներդրում ունենալ խնդրի կարգավորման հարցում: