01/09/2016 15:51
Սերժ Սարգսյանը ողջունել է բելգիացի պատգամավորների այցն Արցախ
Հայ ժողովուրդը շատ բարձր է գնահատում Բելգիայի իշխանությունների և ժողովրդի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման քայլը, Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հոֆի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում Բելգիան ավանդաբար ընկալվում է որպես բարեկամ և վստահելի գործընկեր, ում հետ հարաբերությունները հիմնված են պատմական ջերմ առնչությունների, նույնանման արժեհամակարգի և զարգացման համադրելի տեսլականի հետ:
Հանրապետության նախագահը ողջունել է պատգամավորների այցը Արցախ, որտեղ նրանք հնարավորություն կունենան ուղղակիորեն տեղում ծանոթանալու ԼՂ հիմնախնդրի էությանն ու ավելի լավ պատկերացնելու արցախցիների ձգտումները, մտահոգությունները, առօրյան և անցած ավելի քան երկու տասնամյակի ձեռքբերումները:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի իշխանություններին և ժողովրդին Հայոց ցեղասպանության ճանաչման համար, նշելով, որ հայ ժողովուրդը շատ բարձր է գնահատում այդ քայլը և ընդունում այն որպես ցեղասպանության դատապարտման ու կանխարգելման գործում Բելգիայի վճռական հանձնառություն:
Հանդիպման ժամանակ Հանրապետության նախագահը Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանին հայ-բելգիական բարեկամական կապերի զարգացման, Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել է Երախտագիտության մեդալով:
Ժորժ Դալմանը մեծ պատիվ է համարել նման բարձր պարգևի արժանանալը, ընդգծել, որ Հայաստանն իր սրտում է արդեն 28 տարի, և այսօր էլ պատրաստ է իր գործունեությամբ օգտակար լինելու մեր երկրին ու ժողովրդին: