01/09/2016 18:32
Երբ ավարտեց մանկապարտեզը, տխրում էր դաստիարակների ու ընկեր-ընկերուհիների պակասից, բայց... Գագիկ Սուրենյանը՝ դստերը դպրոց ուղեկցելու և իր դպրոցական հուշերի մասին
Ուսումնական տարին այլևս մեկնարկված է և հենց այսօր՝ սեպտեմբերի 1-ին հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններն իրենց հյուրընկալ դռներն են բացել հատկապես նորելուկների առջև:
Դպրոց են շտապում ոչ միայն փոքրիկներն, այլև նրանց ծնողները, որոնցից շատերի մանկությունն ու պատանեկությունն անցել է հենց այն դպրոցներում, որտեղ այսօր ոտք են դնում իրենց զավակները:
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի դուստրը՝ փոքրիկ Նարեն, ի տարբերություն շատ հասակակիցների, իր այս սեպտեմբերին անհամբերությամբ էր սպասում ու դպրոց գնաց հայրիկի, մայրիկի ու փոքրիկ քույրիկի ուղեկցությամբ:
«Երբ ավարտեց մանկապարտեզը, տխրում էր դաստիարակների ու ընկեր-ընկերուհիների պակասից, բայց նաև տեղեկացված էր, որ դպրոցում կունենա և՛ նոր ուսուցիչներ, և՛ ընկեր-ընկերուհիներ: Այնպես որ, առաջին օրը մեծ սիրով ոտք դրեց դպրոց ու այնքան էր տարվել նոր ուսուցչուհով ու համադասարանցիներով, որ դժվարությամբ տուն տարանք», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց Գ. Սուրենյանը:
Դպրոցական առաջին օրը շատ փոքրիկներ լացում են, ստիպում, որ ծնողներն իրենց հետ դասի նստեն: Նարեն դպրոց գնալուն պատրաստ էր և՛ հոգեպես, և՛ գիտելիքներով:
«Նման խնդիրներ Նարեի պահով չեն եղել, ընդհակառակն` ավելի ուրախ էր, բարձր տրամադրությամբ, գոհ ու երջանիկ: Նույնիսկ հասցրեց մտերմանալ մի քանի երեխայի հետ: Անչափ ուրախացել էր ստացած նվերների համար: Դստրիկս հոգեբանորեն պատրաստ էր դպրոց գնալուն, ոչ մի խոընդոտ չկար: Տառերն ու թվերը ճանաչում է, փոքրիկ թվաբանական գործողությունները՝ հեշտությամբ կատարում: Միայն թե շտապում է ավելի շատ բան սովորել», - ժպիտով ընդգծեց հայրիկը:
Փոքրիկ աշակերտուհին այլևս Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 դպրոցի աշակերտուհի է: Դպրոց, որտեղ 10 տարի սովորել ու ավարտել է նաև Գագիկ Սուրենյանը: Հարցին, թե արդյոք դստրիկի ու հայրիկի առաջին ուսուցիչները ևս համընկնում են, և հիշո՞ւմ է արդյոք իր առաջին ուսուցչին՝ մեր զրուցակիցը պատասխանեց.
«Ոչ, չեն համընկնում: Իսկ ո՞վ է մոռանում իր առաջին ուսուցչուհուն, որ առաջին անգամ Մեսրոպատառն ու հաշվելն է սովորեցնում: Հենց այսօր` դպրոցի բակում տեսա իմ առաջին, շատ սիրելի ուսուցչուհուն` ընկեր Եգանյանին: Հաճելիորեն զրուցեցինք, որոշ բաներ վերհիշեցինք»:
Օթերևութաբանը հիշեց, որ իր սիրելի առարկան եղել է աշխարհագրությունը: «Իմ առաջին ուսուցչուհին էր դասավանդում այդ առարկան: Հիշում եմ՝ 6-րդ դասարանում ուսուցչուհուս խնդրեցի ինձ համար ձեռք բերել օդերևութաբանությանը վերաբերող գրքեր ու քարտեզներ: Նա խոստացավ. մի քանի օրից ուսումնասիրում էի ԵՊՀ-ից ուսուցչիս ջանքերով ձեռք բերված դասագրքերն ու քարտեզ վերհիշեց նա:
Aysor.am-ի հետ զրույցի վերջում Գագիկ Սուրենյանը շնորհավորեց ոչ միայն իր փոքրիկին, այլև նոր կյանք մտած բոլոր աշակերտներին և ուսանողներին:
«Նոր ուսումնական տարվա` սեպտեմբերի 1-ի, Կրթության ու գիտության օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ ողջ հանրապետության առաջին դասարանցիներին, ԲՈւՀ-երի և այլ ուսումնական հաստատությունների առաջին կուրսեցիներին: Թող նրանց ուսումնառության տարիները լինեն գիտելիքների, նոր աշխարհընկալումների, հաջողությունների և ձեռքբերումների տարիներ: Կանաչ ճանապարհ բոլորին», - եզրափակեց մեր զրուցակիցը: