01/09/2016 16:38
Դերասանուհի Լիլի Էլբակյանը և բալետի առաջատար մենապարող Ռուբեն Մուրադյանը՝ նոր գեղարվեստական ֆիլմի գլխավոր հերոսներ (լուսանկարներ)
Aysor.am-ն իր ընթերցողներին արդեն իսկ տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի շրջանակներում Հայաստանի Հանրային հեռուստաընկերության պատվերով հայ ռեժիսորները ձեռնամուխ են եղել թեմատիկ ֆիլմի ստեղծմանը: Վերոնշյալ ֆիլմ-նախագիծը կազմված է մի քանի կարճամետրաժ ֆիլմերից, որի նախատիպը ժամանակին ունեցել ենք «Շարմ» ընկերության նկարահանած «Տաքսի էլի լավա» գեղարվեստական ֆիլմի տեսքով:
Նախագծում ներգրավված ռեժիսորներն են Հրաչ Քեշիշյանը, Արկա Մանուկյանը, Արշալույս Հարությունյանը, Արեն Մալաքյանը, Էդգար Բաղդասարյանը, Ռոման Մուշեղյանը և Արամ Շահբազյանը:
Օրերս տեղեկացանք, որ արդեն իսկ սկսվել են Ռոման Մուշեղյանի ֆիլմի նկարահանումները, որի գլխավոր հերոսուհին դերասանուհի Լիլի Էլբակյանն է:
«Կարճամետրաժ ֆիլմ է, որը միանալով մյուս ֆիլմերին՝ ընդհանրացնելու է ամբողջ պատկերը: Կոչվում է «Ակնոց»… Փակագծերը շատ բացել չեմ կարող, միայն կասեմ, որ հետաքրքիր, գեղեցիկ պատմություն է, իր մեջ նաև սիրային փոքրիկ գիծ ունի: Մարմնավորում եմ Լիլիթին», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Լիլի Էլբակյանը:
Ֆիլմում նկարահանվել են նաև Գրիշա Աղախանյանը, Սամսոն Ստեփանյանը… Հերոսի կերպարում հանդես է գալիս բալետի արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատար Ռուբեն Մուրադյանը:
Լիլի Էլբակյանի էկրանային զբաղվածությունն այս ֆիլմով չի սահմանափակվում: Դերասանուհին վերջերս նկարահանվել է նաև Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի հիման վրա պատրաստված «Զուգահեռ կյանք» բազմասերիանոց ֆիլմում, որի ռեժիսորն է Հայկ Կբեյանը:
«Ֆիլմը բաղկացած է 24 մասից, շուտով կցուցադրվի Արարատ հեռուստաընկերությամբ: Հերոսուհու՝ Անահիտի դերում եմ, hերոսի դերում էլ Գևորգ Գրիգորյանն է», - տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Երևանի Խամաճիկների պետական թատրոնի երիտասարդ դերասանուհին բեմի վրա էլ այս օրերին Մերի Փոփինս է մարմնավորում:
«Մինչ այս ինձ միշտ իմ տարիքից փոքր դերեր են առաջարկել, այս պարագայում արդեն կերպարս մի քիչ մոտ է իմ տարիքին: Շատ հետաքրքիր աշխատանք է, բոլորովին այլ գույների մեջ», - ընդգծեց նա:
Ի դեպ, Լիլի Էլբակյանն այն դերասանուհիններից է, ով իր անդադար ներկայությամբ հեռուստադիտողին չի հոգնեցնում: Հարցին, թե արդյոք առաջարկներն են քիչ, թե ինքն է ընտրության հարցում բծախնդիր՝ պատասխանեց.
«Նախ, քանի որ բալիկներս փոքրիկ էին, շատ հաճախ մերժում էի առաջարկները: Հիմա արդեն մի քիչ մեծացել են ու կարող եմ ինձ թույլ տալ դրանք ընդունելու: Սկսել եմ շատ չմերժել, քանի որ այդպես որպես դերասանուհի քո տեղը մոռանում են… Ինչ վերաբերում է ընտրությանը, օրինակ, «Քարե դարդ» սիթքոմից հրավեր եմ ունեցել, բայց չեմ համաձայնվել: Ես որևէ մեկի աշխատանքը չեմ քննադատում, ուղղակի պետք է իմ սրտին հարազատ լինի, չհոգնեմ դերից: Եթե զգում եմ՝ այդ նախագծում անելու բան չունեմ՝ մերժում եմ: Չեմ ուզում անել մի բան, որն ինձ թեև մեծ ճանաչում կբերի, բայց ինքս ինձ հետ ազնիվ չեմ լինի: Երբ լավ կինոյի «համն» առնում ես, թեթև սերիալները քեզ «Ֆաստ ֆուդ» են հիշեցնում ու չես ուզում համտեսել: Բայց մի տարիք ու շրջան է գալիս, երբ հասկանում ես՝ ժամանակ առ ժամանակ «ֆաստ ֆուդն» էլ պետք է… Որքան նկատել եմ, հիմա մեր կինոոլորտն առավել լավ վիճակում է, հավանաբար՝ հրավերները կընդունեմ», - Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց դերասանուհին:
Զրույցի վերջում նրանից հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչն է պատճառը, որ իրեն և ամուսնուն՝ ռեփեր, դերասան Համո Ադիյանին չենք հանդիպում միևնույն նախագծերում:
«Ճիշտն ասած՝ ռեժիսորները մեզ երբեք միասին չեն տեսմնում: Ինքս շատ կցանկանամ իր հետ նույն նախագծում խաղալ, քանի որ նա շատ հետաքրքիր է: Եթե նման հրավեր լինի, մեծ հաճույքով կհամաձայնվեմ», - ժպիտով ակնարկեց Լիլի Էլբակյանը: