02/09/2016 10:41
Նալբանդյան. Անհրաժեշտ է բացառել ուժի կիրառումը և պայմաններ ստեղծել ԼՂ խաղաղ գործընթացն առաջ մղելու համար
ԵԱՀԿ տարածաշրջանի յուրաքանչյուր մարտահրավեր հարկավոր է լուծել երկխոսության միջոցով, ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Պոտսդամում կայացած ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
«Մենք անվերջ կարող ենք բանավիճել այդ երկխոսությունը ձևավորող ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների էության եւ շրջանակների շուրջ: Այնուամենայնիվ, եթե համաձայնության չգանք մեկ հիմնարար սկզբունքի շուրջ, ապա մեր ջանքերը պարզապես ապարդյուն կլինեն: Խոսքը ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի մասին է: Անվերապահ հավատարմությունն ուժի չկիրառման սկզբունքին կենսական է ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից», - հայտարարել է է.Նալբանդյանը:
Նրա խոսքով, ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ նախապես ծրագրված եւ իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով եւ վայրագություններով, այս հակամարտության սոսկ հերթական սրացումը չէր:
«Դա մարտահրավեր էր ԵԱՀԿ տարածաշրջանի ընդհանուր անվտանգությանն ու կայունությանը: Դա լրջորեն հետ նետեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը», - ասել է Է.Նալբանդյանը:
ՀՀ արտգործնախարարի խոսքով, ուժի կիրառման նման փորձերը, որպես բանակցային գործընթացի վրա ճնշում գործադրելու միջոց, համապատասխան արձագանք չստանալու դեպքում, կարող են հանգեցնել լրջագույն անկայունության` հղի անկանխատեսելի հետևանքներով ողջ տարածաշրջանի համար:
«Հակամարտության կարգավորման գործընթացի հանդեպ վստահությունը վերականգնելու համար պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ` ուժի կիրառումը բացառելու և պայմաններ ստեղծելու խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով», - ասել է նա:
Է.Նալբանդյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունները նույնական չեն, երբ խոսքը վերաբերում է սկզբունքներին, որոնց հիման վրա այդ հակամարտությունները պետք է կարգավորվեն:
«Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները, որոնք պետք է հաշվի առնվեն: Գոյություն ունի մեկ ընդհանուր սկզբունք՝ ուժի չկիրառումը, որին պետք է հետամուտ լինել բոլոր հակամարտությունների պարագայում։ «Կամ այն ձևով, ինչպես մենք ենք ասում, կամ պատերազմ» մոտեցումը տանում է փակուղի: Այս կարգի ձևակերպումներ են հնչում ԵԱՀԿ-ում Ադրբեջանի դիվանագետների կողմից, ովքեր, արհամարհելով ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արված հինգ հայտարարությունները, փորձում են սեփական ընկալումներն ու տեսակետները ներկայացնել որպես հանգուցալուծման միակ ճանապարհ: Երբ անգամ դիվանագետներն են խոսում նման լեզվով, ապա խնդիրն այստեղ ավելին է, քան զուտ կամքի բացակայությունը», - հայտարարել է ՀՀ արտգործնախարարը:
Նա նշել է, որ հակամարտության գոտում բնակվող մարդկանց իրավունքների պաշտպանությունը պետք է լինեն և հակամարտությունների կառավարման, և դրանց կարգավորման հիմքում:
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրագործումը կենսական նշանակություն ունի այս հակամարտության կարգավորման գործընթացում որևէ էական առաջընթաց ապահովելու համար», - ասել է Է.Նալբանդյանը:
Նրա խոսքով, սպառազինությունների վերահսկողության արդյունավետ ռեժիմը և դրա լիարժեք իրականացումն առանցքային են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի գործնական կիրառությունն ապահովելու առումով:
«Մեծ հետաքրքրությամբ ծանոթացանք ԵԱՀԿ գործող նախագահի՝ օգոստոսի 26-ի հոդվածին, որում առաջարկվում է վերագործարկել սպառազինությունների վերահսկողությունը: Հայաստանը մշտապես համագործակցային անվտանգության բարելավված համաձայնությունների կողմնակից է եղել՝ միտված ԵԱՀԿ տարածաշրջանում թափանցիկության և կանխատեսելիության ավելացմանը՝ հիմնված զսպման և ռիսկերի նվազեցման սկզբունքների վրա: Հենց այս մոտեցմամբ է Հայաստանը պատրաստվում ներգրավվել Եվրոպայում սպառազինությունների վերահսկողության ապագային առնչվող քննարկումներում: Հարձակողական սպառազինության ահագնացող տեմպերով կուտակումը և անվերահսկելիությունը պետք է կանխվեն», - ասել է Է.Նալբանդյանը: