02/09/2016 15:51
Արմեն Մարգարյանի հունական հանգիստն ու ամենավառ հիշողությունները
Ամառային հանգիստն արդեն անցյալում է, այնինչ ընդամենը 20-25 օր առաջ բոլորը շտապում էին կա՛մ հայկական գեղատեսիլ գոտիներ, կա՛մ՝ ծովափնյա որևէ քաղաք՝ նոր ուժով ու նոր էներգիայով լիցքավորվելու, որը պետք է բավականացնի մի ամբողջ տարի:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարգարյանի ընտանիքն արդեն մի քանի տարի է՝ հանգիստն անցկացնում է Հունաստանում՝ Հալկիդիկի թերակղզում գտնվող Կալիկրաթիա քաղաքում` համադրելով հաճելին և օգտակարը:
«Էգեյան ծովածոցում է գտնվում, ու 20 օրը բավական է՝ հիանալի հանգիստ կազմակերպելու համար: Ի դեպ, նշեմ, որ մենք հանգիստն օգտագործում ու նաև հիանալի ժամանակ ենք անցկացնում մեր հարազատների՝ բոլորիս կողմից շատ սիրելի հորաքրոջս և նրա զարմանալի հյուրընկալ ընտանիքի հետ», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց դերասանը:
Ա. Մարգարյանը հանգստի բոլոր տարբերակներն էլ նախընտրում է: Ակտիվ, թե պասիվ՝ կարևոր չէ, կարևորը միջավայրն ու փոխանցվող տրամադրությունն է:
«Մեծամասամբ, խաղաղ և բնության հետ ներդաշնակ հանգիստն եմ գերադասում: Սիրում եմ լսել ծովի խորհրդավոր շունչն ու վայելել մայր մտնող արևի ջերմ ճառագայթները: Բայց, դե իհակե, նաև ակտիվ հանգստի սիրահար եմ. երբեմն չեմ հրաժարվում աղմկոտ փաբերում և սրճարաններում տիրող իրարանցմանը մասնակից լինելուց», - խոստովանեց նա:
Փոքրիկների աշխարհն այլ է, նրանց համար հանգիստը ոչ թե ծովն ու թանգարաններն են, այլ՝ անսահմանափակ մանկական խաղերն ու հարազատ մարդկանց հոգատարությունն ու ուշադրությունը… Դերասանի հիշողության մեջ էլ մինչ այսօր պահպանվել են լավագույն տարիները:
«Մանկությունս, պատանեկությունս և երիտասարդությանս սկիզբն անցել են Խորհրդային երկրում: Այդ տարիներին եղել եմ Խորհրդային գրեթե բոլոր երկրներում ու քաղաքներում: Բայց միևնույն է, մանկությանս տարիների ամենաթանկ պահերը Կիսլովոդսկում տատիկիս ու պապիկիս հետ անցկացրած օրերն են եղել: Իմ «փառավոր պահապանները» կատարում էին իմ բոլոր քմահաճույքները, ես էլ ինձ արքայազն էի պատկերացնում: Հիանալի մարդիկ էին, ինձ շատ էին նվիրված: Փառք նրանց հիշատակին», - վերհիշեց մեր զրուցակիցը:
Արդյոք մեր օրերում թանկ հաճույք չէ Հայաստանից դուրս հանգստանալն, այն էլ ընտանիքով՝ հարցին Արմեն Մարգարյանը ժպիտով պատասխանեց. «Քանի որ Հայաստանում երկար չեմ հանգստացել, ճիշտն ասած՝ լավ չեմ պատկերացնում, թե որտեղի հանգիստն է ավելի թանկ հաճույք՝ այստեղի՞, թե՞ արտասահմանի: Բայց Հայաստանն ինձ համար ամենագեղեցիկ երկիրն է, որտեղ ոչ թե հանգստանում, այլ վայելում եմ: Հաճախ եմ լինում մեր չնաշխարհիկ բնության գրկում, իմ առօրյայի մի մասն է դա»: