02/09/2016 21:29
Այս երգի տակ շատ թեժ մեկնաբանություններ էին ծավալվում, հայերի և ադրբեջանցիների կռիվ էր. ադրբեջանցիները ոչնչացրել են հայ ռեփերի ստեղծագործական պատմությունը
Ադրբեջանական ագրեսիան հայ ժողովուրդն իր մաշկի վրա միշտ է զգում: Այդ հարձակումները ոչ միայն սահմանին են լինում, այլև՝ համացանցային տիրույթում: Փառք Աստծո, այս դեպքում գոնե մարդկային կորուստներից խուսափում ենք…
Օրերս տեղեկացանք, որ ադրբեջանցի հակերները կոտրել են ռեփեր Դոն Սերոժի «Youtube»-յան էջը՝ ջնջելով երգչի ողջ ստեղծագործական պատմությունը՝ 2008 թվականից մինչ օրս:
«Կոտրել ու փոխել են գաղտնաբառը, ջնջել բոլոր երգերը, տեսանյութերը, փոխել են էջի գլխավոր նկարը՝ տեղադրելով ադրբեջանական դրոշը: Առավոտյան հասկացանք, որ ոչինչ անել չենք կարող, մեր էջը չկա, գաղտնաբառը չենք կարող փոխել: Այցելել ենք «Google»-ի մոսկովյան գրասենյակ, նամակ ենք գրել, բայց չգիտենք՝ ինչ կլինի: Իրենք խոստացան՝ ամեն ինչ անել, որ էջը վերականգնվի, բայց չեն կարող ո՛չ ժամկետներ նշել, ո՛չ էլ երաշխավորել, որ վերականգնելուց հետ դիտումների քանակն ու մեկնաբանությունները չեն կորի: Ամեն դեպքում, «Google»-ը պետք է անի առավելագույնը, որ վերականգնի, չէ՞ որ այն իրեն համարում է լավագույնն ու ապահովը այդ դաշտում», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Դոն Սերոժը:
Ինչո՞վ կպայմանավորի ադրբեջանական կողմի նման գործողությունը, արդյոք մինչ այդ հայ երաժիշտը որևէ տարաձայնություն ունեցել է ադրբեջանցի երաժիշտների հետ՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց.
«Միայն կարող եմ ասել, որ այնտեղ կար երգ, որը կոչվում էր «Геноцид армян»: Այս երգի տակ ամեն օր շատ թեժ մեկնաբանություններ էին ծավալվում, կարելի է ասել՝ հայերի և ադրբեջանցիների կռիվ էր: Քանի որ 18+ հայհոյանքներ էին հնչում, սկզբում փորձում էի ջնջել, բայց հետո հասկացա, որ այդքանն ուղղակի ֆիզիկապես չեմ հասցնի ջնջել: Նրանք միշտ սպառնում էին, որ այնպես կանեն՝ այս երգը ոչ մի տեղ, անգամ «Youtube»-ում չլինի: Իմ էջը դրսում Հայաստանի նկատմամբ սեր էր քարոզում, շատ երգեր կային հայի ու Հայաստանի մասին գրված»:
Դոն Սերոժը դատական հայցով չի կարող դիմել, քանզի հստակ չի՝ ով է հասցեատերը:
«Ճիշտ է, ID-ն հստակորեն ցույց է տալիս, որ չարագործությունն արվել է Ադրբեջանից, բայց այն շատ հանգիստ կարելի է փոխել: Եթե ծրագրավորումից թեկուզ մի քիչ հասկանաս, կարող ես աշխարհի ցանկացած վայրից նման չարագործություն անել՝ մատնանշելով մեկ այլ վայրի հասցե: Միակ հիմքն այն է, որ Ադրբեջանի դրոշն է դրվել», - ընդգծեց երգիչը: