03/09/2016 17:41
ԼՂՀ անկախությունը և Հայաստանի հետ ընդհանուր սահմանի առկայությունը չեն կարող սակարկության առարկա լինել. Ռոբերտ Քոչարյան
Կողմերի մոտ զիջումների գնալու պատրաստակամությունը խիստ անհամաչափ է, «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով ղարաբաղյան խնդրին:
-Ինչպե՞ս եք գնահատում ռազմական, դիվանագիտական զարգացումները Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ տարածաշրջանային ընդհանուր գործընթացների համատեքստում:
- Այսօր մենք ականատեսն ենք դառնում մի շարք անբարենպաստ գործոնների կուտակման, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում: Ռուսաստանյան զենքի մատակարարմամբ ռազմական հավասարակշռության խախտումը, ԼՂ հարցով միջազգային կազմակերպությունների մի քանի տհաճ բանաձևերը և զեկույցները, Ադրբեջանի նախաձեռնությամբ տարածաշրջանային համագործակցության նոր ֆորմատի ձևավորումը (իհարկե՝ առանց Հայաստանի), մեր երկիրը շրջանցող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ստեղծումը: Տեղի ունեցողի աշխարհաքաղաքական հետևանքները երկարատև բացասական ազդեցություն են ունենալու երկրի տնտեսության, միջազգային և տարածաշրջանային գործերում մեր կշռի ու ազդեցության և իհարկե՝ ԼՂ հարցով բանակցային գործընթացի մեջ ներգործելու մեր ռեսուրսի վրա:
Իշխանությունները պետք է կարողանան վերլուծել կատարվողի պատճառները և գործուն բանաձև գտնել՝ հակազդելու ձևավորված մատրահրավերներին: Ընդ որում, իրավիճակը կարգավորելու համար մենք շատ ժամանակ չունենք:
- Վերջերս լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում շատ է խոսվում ղարաբաղյան կարգավորման մի տարբերակի մասին, ըստ որի, Ադրբեջանին «հողեր, շրջաններ հանձնելու» դիմաց Լեռնային Ղարաբաղին տրվելու է միջանկյալ կարգավիճակ: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:
- Ես ծանոթ չեմ միջնորդների՝ կարգավորման առաջարկի վերջին տարբերակի հետ, այդ պատճառով բուն փաստաթղթի քննարկումը կոռեկտ չեմ համարում: Սակայն, դատելով հակամարտող կողմերի պաշտոնյաների հայտարարություններից, ինչպես նաև մերձիշխանական ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներից, կողմերի մոտ զիջումների գնալու պատրաստակամությունը խիստ անհամաչափ է:
Հայկական կողմի մոտ այդ պատրաստակամությունը չափից դուրս շեշտադրված է, միևնույն ժամանակ, Ադրբեջանում մեզ համար սկզբունքային հարցերի վերաբերյալ զիջումների գնալու նույնիսկ ակնարկներ չկան: Այս իրավիճակը վրդովեցնում է հասարակությանը Հայաստանում և Արցախում, բացասական սպասումներ առաջացնում բանակցություններից և կարող է պարտվողական տրամադրությունների պատճառ դառնալ:
Հիմա՝ բանակցային գործընթացի վերաբերյալ: Իմ նախագահության 10 տարիների ընթացքում միայն մեկ անգամ՝ Քի Ուեսթում, մենք իրականորեն մոտ ենք եղել փաստաթղթի ստորագրմանը, ինչը տեղի չունեցավ Ադրբեջանի հրաժարման պատճառով՝ փաստորեն հենց ստորագրման արարողության ժամանակ: Դա փաթեթային և համապարփակ կարգավորում էր, որը հիմքում ուներ ԼՂՀ միավորումը Հայաստանին և ենթադրում էր տարածքների վերադարձ, ինչպես նաև անվտանգության ապահովման ուղղությամբ համալիր միջոցների կիրառում:
Այնուհետ հայտնվեցին «մադրիդյան սկզբունքները», որոնք միայն մասամբ էին ընդունելի մեզ համար, քանի որ ճանաչում էին ԼՂՀ ինքնորոշման իրավունքը: Բայց դա ոչ թե ստորագրման համար նախատեսված փաստաթուղթ էր, այլ սկզբունքներ էին, որոնք, միջնորդների կարծիքով, պետք է հիմք հանդիսանային ապագա համաձայնագրի համար: Այդ սկզբունքների հիման վրա միջնորդները փորձեցին կարգավորման համաձայնագիր ստեղծել, սակայն, այդ համաձայնագիրը երբեք ստորագրմանը մոտ չի եղել: Միևնույն ժամանակ, այն տարիներին երկիրը ինտենսիվ զարգանում էր, մենք առաջ էինք անցել Ադրբեջանից թե բարեփոխումներով, թե արտաքին քաղաքական ակտիվությամբ և բանակցում էինք, վստահ լինելով, որ ի զորու ենք չեզոքացնել հակամարտության ուժային լուծման ցանկացած փորձ:
Բայց այս ամենը 10 տարի առաջ էր: Ադրբեջանի գործողությունները, նրա ագրեսիվության աստիճանը, անվստահության մակարդակը բոլորովին այլ էին: Չկար հայ սպային Բուդապեշտում գլխատած հանցագործի պետական հերոսացումը, չկար ապրիլյան պատերազմը, իսկ հրադադարը խարսխված էր ուժերի հավասարակշռության վրա, ինչի մի մասն էին հանդիսանում վերահսկվող տարածքները: Ակնհայտ է, որ «Մադրիդյան սկզբունքներն» իրենց նախկին տեսքով արդեն չեն համապատասխանում նոր իրողություններին և վերանայման կարիք ունեն: Առաջին հերթին՝ անվտանգության երաշխիքների ուժեղացման համատեքստում, հանրաքվեի ժամկետների ճշգրտմամբ և դրա կապակցմամբ՝ տարածքների վերադարձի հետ: Օրինակ, համաձայնագրի անբաժանելի մաս կարող են դառնալ. ռազմական բալանսի վերականգնումը, կողմերի և միջազգային հանրության կոշտ և վերահսկվող պարտավորությունները այդ բալանսի պահպանման մասով առնվազն 25 տարի ժամկետով:
- Ո՞րն է ԼՂ հարցի՝ Ձեզ համար ընդունելի կարգավորման տարբերակը:
- Բազմաթիվ անգամ խոսել եմ այդ կապակցությամբ, և իմ կարծիքը չի փոխվել: ԼՂՀ անկախությունը և Հայաստանի հետ ընդհանուր սահմանի առկայությունը չեն կարող սակարկության առարկա լինել: Ընդ որում, ապրիլյան պատերազմը պետք է կարծրացնի մեր մոտեցումները կարգավորմանը, այլ ոչ թե թուլացնի դրանք, քանի որ մեծացնում է որևէ զիջումների գնալու ապագա ռիսկերը: Կրկնվեմ. առաջին հերթին անվտանգության երաշխիքներով և հանրաքվեի կոշտ կապակցվածությամբ վերահսկվող տարածքների մի մասի վերադարձի հետ: Հաշվի առնելով փոխվստահության զրոյական մակարդակը, պետք է բացառել անորոշությունները, ինչպես նաև հակամարտության կողմերի՝ ապագա համաձայնագրի որևէ կետի ազատ մեկնաբանելու հնարավորությունը: