03/09/2016 09:42
ՀՀԿ-ականները որոշել են իրենց անունը թաքցնել դաշինքի քողի տակ. «Ժողովուրդ»
Եթե իշխող ՀՀԿ-ին հաջողվի Գյումրիում «Բալասանյան» դաշինքով պահպանել իշխանությունը, ապա հավանականությունը մեծ է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ևս իշխող կուսակցությունը կմասնակցի որևէ կուսակցության հետ դաշինքով, գրել է «Ժողովուրդ»-ը:
«Այսպիսով՝Գյումրիի ավագանու ընտրությունների օրինակով ՀՀԿ-ն խոստովանեց, որ իր անունը «հաղթանակի» հնարավորություն չի թողնում: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ն բռնել է ՕԵԿ-ի ճանապարհը, միայն այն տարբերությամբ, որ իշխող կուսակցությունում հակված չեն կուսակցությունն ընդհանրապես անվանափոխել, որպեսզի մարդիկ չճանաչեն: ՀՀԿ-ականները որոշել են իրենց անունը թաքցնել դաշինքի քողի տակ: Այդպիսով ՀՀԿ-ի՝ հատկապես երիտասարդ թևի քարոզիչները կկարողանան ասել, թե իբր իշխանությունները փոխվել են, իրենք առաջվա անկուշտ կոռումպացված թալանչիները չեն և այսպես շարունակ:
Այնպես որ, Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքները որոշիչ են լինելու: Ու եթե իշխանություններին չհաջողվի Հայաստանի երկրորդ քաղաքում անհրաժեշտ արդյունքն ունենալ, ապա դաշինքի տեսքով «դիմակի» իմաստը կկորչի: Բայց եթե ՀՀԿ-ականներն իրենց անունը թաքցնելուց և բեղ-մորուք կրելուց հետո Գյումրիի ՏԻՄ-ն իրենց ձեռքում պահեն, ապա խորհրդարանական ընտրություններում նրանք կմասնակցեն իրենց անունով, այլ կերպ ասած` կուրծքները բաց կգնան մարտի», - գրել է թերթը: