05/09/2016 14:19
Սահմանին կուտակումներ չկան. հակառակորդի տեղաշարժը հսկվում է. Լևոն Մնացականյան
Սահմանին կուտակումներ չկան, հայկական զինուժը ուշադիր հետևում է հակառակորդի տեղաշարժին, «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ասել է ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
«Եթե համեմատելու լինենք նախքան ապրիլյան գործողությունները և դրանից հետո՝ դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողություններ, ներթափանցման փորձեր, զինատեսակների կիրառումներ, իհարկե, այժմ ծավալներով անհամեմատ քիչ է, այժմ հիմնականում կիրառվում են դիպուկահար հրացաններ, խոշոր տրամաչափի հրացաններ և հրաձգային զենքեր», - ասել է Լևոն Մնացականյանը:
Ըստ ՊԲ հրամանատարի՝ ապրիլին Ադրբեջանը ձախողվել է, քանի որ հարձակման նման ծավալնրի դեպքում կատարել է մի փոքր ստորաբաժանման մարտական խնդիր:
«Եթե դա գնահատենք ռազմական տեսանկյունից՝ ոչ այլ ինչ է, քան ձախողում. անցնել լայնածավալ հարձակման և ընդամենը տիրել մի քանի մետր խորության բոլոր ուղղություններում: Մենք հստակ գիտենք, որ իրենց կողմից կորուստները անհամեմատ շատ են, քան ներկայացվում են: Իրենց ԶԼՄ-ները հաղորդում են 30-ից քիչ ավելի կորուստ, բայց ադրբեջանական արտասահմանյան կայքերն արդեն ներկայացնում են 100-ից ավելի կորուստ: Մեզ մոտ չկա մի դեպք, որ ներկայացված չլինի, պարզաբանում տրված չլինի: Մարտական գործողությունների ընթացքում՝ ապրիլի 2-ից 5-ը, ՊԲ-ն տվել է 59 մարտական կորուստ, որն անհամեմատ քիչ է, քան ադրբեջանական կորուստները՝ հաշվի առնելով այն զինատեսակները, ծավալները, զինատեսակների կիրառման քանակը, էլիտար ստորաբաժանումները», - ասել է ՊԲ հրամանատարը: