05/09/2016 15:07
Աղետից խուսափելու համար Երևանն ու Ստեփանակերտը նոր բանակցային հայեցակարգ պետք է մշակեն. Հարցազրույց Արման Մելիքյանի հետ
Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հանդիպմանը քննարկվելու են հրատապ հարցեր: Հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի շուրջ սպասվող քննարկումների և այդ համատեքստում Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմ Ուորլիքի հայտարարության մասին Aysor.am-ը զրուցել է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանի հետ:
- Պարոն Մելիքյան, ի՞նչ ակնկալել սեպտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում Մոսկվայում կայանալիք հանդիպումից:
- Կարող եմ միայն ենթադրել, որ համանախագահ պետությունների ներկայացուցիչները հավաքվելու են Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի գործող ղեկավարների հաջորդ հանդիպման օրակարգը, վայրը և ժամկետները քննարկելու համար: Հասկանալի է, որ այդ հանդիպումը կարող է կայանալ այն դեպքում, եթե Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի հանդիպումներում կայացված պայմանավորվածությունները կատարված համարվեն, կամ էլ՝ ի հայտ գան այնպիսի նոր հանգամանքներ ու առաջարկներ, որոնք նոր հանդիպում կազմակերպելու համար ծանրակշիռ հիմք հանդիսանան:
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, խոսելով այս հանդիպման մասին, Twitter-ի իր էջում գրել է՝ «Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը հնարավոր է»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս գրառումը:
- Ես էլ եմ գտնում, որ Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂՀ համար արժանապատիվ, տևական և փոխընդունելի խաղաղության հասնելու հնարավորությունը կա, այլ հարց է, որ այդ հնարավորությունն անիմաստ է փնտրել Մադրիդյան սկզբունքներով պարտադրվող բանակցային օրակարգի շրջանակներում:
- Վերջին շրջանում շատ շահարկվեց փոխզիջումների հարցը: Ի՞նչ եք կարծում արդյոք հանդիպման ընթացքում դրանցից կխոսվի: Եթե խոսվի, ապա ի՞նչ զիջումների մասին է խոսքը:
- Համանախագահ պետությունների ներկայացուցիչները կարող են տարաբնույթ առաջարկներով ու նախաձեռնություններով հանդես գալ, բայց հակամարտության կողմերի հասարակություններն են իրավասու դրանք գնահատել որպես խելամիտ փոխզիջում, միակողմանի զիջում, կամ էլ անվերապահ կապիտուլյացիայի մերժելի պահանջ: Հուսով եմ, որ թե միջնորդները, թե հակամարտության կողմերը հստակ են գիտակցում իրենց իրավասությունների և պատասխանատվության սահմանները ու չեն նախաձեռնի այնպիսի գործողություններ, որոնք այդ սահմաններից դուրս կլինեն, ինչն, անկասկած, կարող է ռազմական դիմակայության նոր թեժացման պատճառ լինել:
- Առհասարակ ինչպե՞ս կգնահատեք կողմերի դիվանագիտական զարգացումները Լեռնային Ղարաբաղի շուրջ:
- 1994 թվականի հրադադարի հաստատումից ի վեր, ցավոք, հայկական կողմերի քաղաքական, դիվանագիտական դիրքերը շարունակաբար թուլացել են: Այդ միտումը կշարունակվի ու կհանգեցնի աղետի, եթե պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը նոր, արդյունավետ բանակցային հայեցակարգ չմշակեն: Հողատվության գաղափարախոսական հենքի վրա կառուցված բանակցային մոտեցումները ոչ միայն հարցի փոխընդունելի կարգավորման ու տևական խաղաղության երաշխիքներ չեն պարունակում, այլև պատերազմի վերսկսման նախադրյալներ են ստեղծում: