05/09/2016 12:02
Արցախում ապրիլյան իրադարձություններից հետո Ռուսաստանը փորձում է ակտիվանալ. Սերգեյ Մինասյան
Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ համանախագահ է, ուստի Մոսկվայում ժամանակ առ ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով հանդիպումների անցկացումը ընդունված պրակտիկա է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում:
«Ակնհայտ է, որ ապրիլյան իրադարձություններից հետո Ռուսաստանը փորձում է ակտիվանալ այս գործընթացում, բայց չեմ կարծում, որ իրականում մենք չափազանց կարևոր առաջխաղացման առջև ենք կանգնած: Նման հանդիպումների ժամանակ հայտարարություններ միշտ կլինեն, բովանդակային խնդիրներ ևս կքննարկվեն, բայց դա չի նշանակում, որ այս պահին մենք կանգնած ենք ինչ-որ կարևոր ջրբաժանի առջև: Մենք այս իրավիճակը կտեսնենք այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը շարունակում են իրենց դիրքորոշումներում տարբեր մոտեցումներ ունենալ», - ասաց Ս.Մինասյանը:
Անդրադառնալով Twitter-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, որ ԼՂ-ում խաղաղությունը հնարավոր է, Ս.Մինասյանն ընդգծեց.
«Որպես Մինսկի խմբի համանախագահ անդամ երկրի ներկայացուցիչ Ուորլիքը ունի պարտականություններ, որոնք պետք է իրականացնի, ուստի բնական է, որ Ուորլիքը ի պաշտոնե պետք է նման հայտարարություն աներ»: